Միջնորդները ձգտում են ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի ամրապնդմանը

Archive photo/www.president.am

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտգործնախարարների մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը հաստատել է առայժմ միայն Ռուսաստանը, սակայն մյուս երկրները չեն բացառել նման հնարավորությունը:

2016 թ. մայիսի 12-ին` 1994-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ղարաբաղի միջև զինադադարի պայմանագիր կնքելու օրը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որում հորդորել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին գալիք շաբաթ հանդիպել:

Ռուսաստանի արտգործնախարարությունը անմիջապես ճշտել է, որ հանդիպումը կարող է կայանալ մայիսի 16-ին Վիեննայում, և դրան կարող են մասնակցել ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները:

Թեև դեռ հանդիպման լիակատար հաստատումը չկա, սակայն հայտնի է օրակարգը. ինչպես նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության, ինչպես նաև Հայաստանի ներկայացուցիչների հայտարարությունների մեջ, խոսքը հրադադարի և վստահության ամրապնդման միջոցների ներդրման մասին է: Միայն այս դեպքում հնարավոր կլինի վերադառնալ ղարաբաղյան կարգավորման բանակցություններին:

ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, մեկնաբանելով առաջիկա հանդիպումը, հայտարարել է, որ միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումը, ինչպես նաև հատուկ սարքերը պետք է տեղադրվեն շփման գծում նախքան բանակցությունների վերսկսումը:

Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում խախտումներն արձանագրող հատուկ սարքեր տեղադրելու առաջարկության մասին դեռ մեկ տարի առաջ հայտարարել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համախագահ Ջեյմս Ուորլիքը: Այս գաղափարն արժանացել էր Հայաստանի հավանությանը, սակայն Ադրբեջանն այն համառորեն մերժում էր: Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան ագրեսիայից հետո Ռուսաստանը նույնպես կողմ է արտահայտվել դիմելու Գերմանիային` որպես ԵԱՀԿ նախագահող երկրին` սարքեր տեղակայելու կոչով: Այս մասին ապրիլի 22-ին Երևանում հայտարարել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, որը հինգշաբթի ընդունել է Գերմանիայի կառավարության` ԵԱՀԿ գերմանական նախագահության հարցերով հատուկ ներկայացուցչի գրասենյակի պետ Թոմաս Լենկին, զրուցակցի ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքին, որ մայիսի 11-ին` Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Թալիշ գյուղի հյուսիսարևմտյան ուղղությամբ ԵԱՀԿ առաքելության անցկացրած դիտարկման ավարտից հաշված ժամեր անց, հակառակորդի կրակոցից այդ նույն վայրում սպանվել է Ղարաբաղի պաշտպանության բանակի զինծառայող:

«Վերոնշյալ պատահարը ցույց է տալիս, որ ԵԱՀԿ-ի կողմից ներկայիս ձևաչափով իրականացվող դիտարկումներն արդյունավետ չեն և Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել հրադադարը»,- ասել է փոխնախարարը: Ընդգծվել է նաև, որ շփման գծում հետաքննության միջազգային մեխանիզմների ներդրումը նման միջադեպերի կանխարգելման արդյունավետ գրավականներից է:

Փորձագետները դժվարանում են կանխատեսել, թե արդյոք համանախագահներին կհաջողվի՞ համոզել Ադրբեջանին սահմանին տեղադրել սարքեր, ինչը կնշանակի Բաքվի ռազմական շանտաժի քաղաքականության վերջ: Ոչ ոք չի կարող նաև ասել, թե Հայաստանից ի՛նչ զիջումներ կպահանջվեն քաղաքական երկխոսության ընթացքում, եթե հնարավոր լինի այն վերսկսել: