Վերլուծություն. Երևանը և Բաքուն տարբեր կերպ են ընկալում Վիեննայի հանդիպումը

Մայիսի 16-ին Վիեննայում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը երկու երկրներում ոչ միանշանակ արձագանք է հարուցել:

Հայաստանում իշխող շրջանակների ներկայացուցիչները ողջունել են հանդիպման արդյունքները որպես դիվանագիտական հաղթանակ` հայտարարելով, որ հաջողվել է հանդիպման օրակարգն ուղղել հրադադրի ռեժիմի ամրապնդմանը և նույնիսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԱՀԿ մշտադիտարկման մեխանիզմների ներդրման մասին: Այսինքն` հայկական կողմի պայմանները բավարարվել են:

Ադրբեջանական կողմը պնդում է, որ կոնկրետ որևէ բանի շուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, և դա ճշմարտանման է, քանի որ, դատելով պաշտոնական հաղորդագրություններից, հանդիպման միակ կոնկրետ պայմանավորվածությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման մասին որոշումն է: Ինչ վերաբերում է հետաքննության մեխանիզմներին, ապա հանդիպմանն այդպես էլ չհնչեց, թե երբ և ով է դրանք տեղադրելու:

Հիշեցնենք, որ Վիեննայում հանդիպման ընթացքում նաև արձանագրվել է, որ հրադադարի ռեժիմի ամրապնդումը հնարավորություն կտա հունիսին վերադառնալու ղարաբաղյան հիմնախնդի կարգավորման շրջանակային բանակցություններին: Եվ Հայաստանում բնական հարց է ծագել. փոխվե՞լ են արդյոք հայկական կողմի պայմանները բանակցություններում, և հունիսին կայանալիք հանդիպմանն ի՛նչ է քննարկվելու:

Փորձագետների խոսքով` բանակցությունների սեղանին մադրիդյան սկզբունքներից (կամ դրանց կազանյան տարբերակից) բացի ոչինչ չկա: Այս սկզբունքները ենթադրում են հայկական կողմի ցավոտ տարածքային զիջումներ և ստատուս քվոյի փոփոխություն ոչ հօգուտ Լեռնային Ղարաբաղի:

Սերժ Սարգսյանը Վիեննայից վերադարձին օդանավում հայ լրագրողների հետ հարցազրույցում հայտարարել է, որ մեր նպատակը ստատուս քվոյի պահպանումն ու հավերժական պատերազմը չէ: Նա հայտարարել է, որ Ղարաբաղում ապրիլի 2-5-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմը կորցրել է ընդամենը 800 հեկտար անվտանգության գոտի, այն դեպքում, երբ Ղարաբաղի անվտանգության գոտին կազմում է 800 հազար հեկտար: Երևանում և Ստեփանակերտում կոշտ գծի կողմնակիցները քննադատել են Սարգսյանին այս հայտարարության համար, մասնավորապես, այն բանի  համար, որ նա, ըստ Սահմանադրության ԼՂՀ իրավազորության ներքո գտնվող տարածքներն անվանել  է «անվտանգության գոտի», հետևաբար` դարձնելով  դրանք բանակցությունների առարկա:

Հայաստանցի կոշտ դիրքորոշման փորձագետները անհանգստացած են այն հանգամանքով, որ հայկական կողմը բանակցությունների ընթացքում կարող է զիջել այն, ինչը Ադրբեջանը չկարողացավ ապրիլի սկզբին ուժով խլել` ղարաբաղյան տարածքներ: Եվ դա կարող է տեղի ունենալ, եթե հայկական դիվանագիտությունը պնդի վերադառնալ ստատուս քվոյի փոփոխության մասին բանակցություններին:

Ադրբեջանում արդեն խոսում են փուլային կարգավորման մասին, նշելով, որ հայկական կողմը, ի վերջո, համաձայնել է: Փուլ առ փուլ կարգավորումը ենթադրում է Ղարաբաղի մեծ մասից հայկական ուժերի դուրսբերում, խաղաղապահների տեղակայում և նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կարգավիճակի մասին ինչ-որ հանրաքվեի անցկացում: 1988 թ. նրա մակերեսը կազմում էր 4,3 հազար քառակուսի կիլոմետր, այսօր ԼՂՀ մակերեսը կազմում է 12,2 հազար քառակուսի կիլոմետր:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, փաստորեն, հաստատել է դա, հայտարարելով, որ Հայաստանը կողմ է «փաթեթային կարգավորմանը` փուլային իրականացմամբ»: Ըստ էության սա նշանակում է հենց փուլային տարբերակ:

Օդանավում տված իր հարցազրույցում Սերժ Սարգսյանը ոչինչ չի ասել հակամարտության կարգավորման պայմանների, փուլային տարբերակի և տարածքային զիջումների մասին: Նա խոսել է խաղաղությունը պահպանելու, պատերազմից և զոհերից խուսափելու անհրաժեշտության մասին:

Վերլուծաբաններն ասում են, որ նախագահի պաշտոնում Սարգսյանին մնացած առաջիկա 1,5-2 տարիներին նա կփորձի խուսափել քաղաքական լուծումներից, կարգավորումից` պնդելով ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարը պահպանելու և ԵԱՀԿ առաքելությունն ուժեղացնելու վրա:

Սակայն հարցն այն է, թե արդյոք գլոբալ զարգացումները թույլ կտա՞ն ձգձգել քաղաքական համաձայնագի ստորագրումը, որը կարող է պարտվողական լինել Հայաստանի համար: Եվ դա արդյո՞ք թույլ կտա Ադրբեջանը, որը չի դադարում հակամարտությունն ուժային ճանապարհով լուծելու սպառնալիքներից: Այն գիշեր, երբ Վիեննայում անցկացվում էր հանդիպումը, Ղարաբաղում մարտեր էին ընթանում. զոհերի մասին հաղորդել են թե՛ Ղարաբաղը և թե՛ Ադրբեջանը: