Կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում կրճատում է ծախսերը

Photo: www.gov.am

Հայաստանի Կառավարության մայիսի 19-ին կայացած նիստում հայտարարվեց ծառայողական ավտոմեքենաների կրճատման, բյուջետային հաստիքների օպտիմալացման հարցով միջգերատեսչական աշխատանքային խմբի ստեղծման, ինչպես նաև ներմուծման մենաշնորհի «վերացման» մասին: Սա կոռուպցիայի և մենաշնորհների դեմ լայնածավալ պայքար սկսելու կառավարության առաջին հայտն է:

Մեկ շաբաթ առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հատուկ հայտարարություն էր արել և հայտարարել պայքար կոռուպցիայի և մենաշնորհների դեմ: Սակայն հասարակության շրջանում դա միայն հոռետեսություն էր հարուցել: Աբրահամյանը և կառավարության բազմաթիվ անդամներ համարվում են առավել տխրահռչակ օլիգարխներ, և քչերն են հավատում, որ առանց անցյալի գնահատականի, «մեղայականով ներկայանալու» և ապօրինի կուտակած գույքից հրաժարման նրանք ի զորու են պայքարելու կոռուպցիայի դեմ:

Մայիսի 19-ին կայացած Կառավարության նիստում Հովիկ Աբրահամյանը բարձրագոչ հայտարարություն էր արել. նա ասել է, որ այսուհետ մենաշնորհներ չեն լինի: Մենաշնորհի «վերացումը» նշանակում է, որ վարչապետ Աբրահամյանն ընդունում է դրա առկայությունը: Օրերս Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ ելույթ ունենալով վարչապետը կոչ է արել մոռանալ անցյալը և սկսել զրոյից: Հասկանալի չէ, թե արդյոք դա համաներման իրավական կո՞չ էր, թե՞ բարոյահոգեբանական կարգախոս, սակայն դատելով հայտարարության անորոշությունից, փորձագետները ենթադրեցին, որ «նախկին» մոնոպոլիստներին և նրանց համար մենաշնորհներն ապահովողներին պատասխանատվության չեն ենթարկի:

Մինչդեռ, ապօրինի մենաշնորհները պետական հանցագործություն են, որը զրկում է բազմաթիվ գործարարների վաստակելու հնարավորությունից, գնորդներին զրկում է ընտրությունից և ցածր գներից, իսկ երկրին` զարգանալու հնարավորությունից: Եթե հանցագործությունը մնում է չբացահայտված և անպատիժ, այն հեշտ է կրկնել:

Համաներումը կարող է դառնալ մենաշնորհային և կոռումպացված անցյալից հրաժարվելու ընդունելի և օրինական մեթոդ: Սակայն այն հայտարարելու համար պաշտոնատար անձինք պետք է ընդունեն, որ իրենք ապօրինի յուրացրել են պետական միջոցները կամ հարստացել ծառայողական դիրքն օգտագործելով:

Օրերս Երևանում անցկացվել է հայ-ամերիկյան գործարար համաժողով, որի հիմնական հարցերից մեկը մենաշնորհներից հրաժարումն էր: Կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարը հայ-ամերիկյան փոխգործակցության ընդլայնման և Հայաստան ամերիկյան ներդրումներ գրավելու նախապայմաններից մեկն է:

Սակայն Հայաստանում մենաշնորհների մասին խոսելիս նկատի չունեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր», ինչպես նաև ռուսաստանյան «Գազպրոմ» և «Ռոսնեֆտ» պետական ընկերությունները: Առանց այս մենաշնորհները վերացնելու, որոնք Հայաստանում «բնական» են կոչում, մնացյալ ապամենաշնորհացումը հազիվ թե հաջողությամբ պսակվի:

Երկու շաբաթից էկոնոմիկայի նախարարությունը ներկայացնելու է մի ցուցակ, որը բացահայտելու է Հայաստանում մոնոպոլիստներին: Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը խոստանում է անուն առ անուն կոչել նրանց: Ընդ որում, նա դիմել է լրագրողներին, հասարակական կազմակերպություններին` կոչ անելով օգնել կազմելու այդ ցուցակը: