Վերլուծություն. ԱՄՆ-ը ձգտում է ստանալ կազանյան ծրագիրը չընդունելու` Հայաստանի և Ադրբեջանի հավաստիացումները

Անցյալ շաբաթը համեմատաբար հանգիստ էր ղարաբաղյան ճակատում. զինվորականների խոստովանությամբ` կրակում էին քիչ, իսկ դիվանագիտական ճակատում հնչում էին ոչ թե ռևանշի, այլ խաղաղ բանակցությունների կոչեր:

Մայիսի 20-ին Երևանում անցկացվեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցելու համար Երևան էր ժամանել նաև Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Նախագահ Սերժ Սարգսյանի հետ զրույցում Մեդվեդևը, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, խոսել է հիմնականում ղարաբաղյան հակամարտության մասին:

Նախագահ եղած ժամանակ Դմիտրի Մեդվեդևը 2011-ին առաջարկել էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման այսպես կոչված կազանյան ծրագիրը, որը բավական նման է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած մադրիդյան սկզբունքներին, միայն մեկ տարբերությամբ: Մեդվեդևի ծրագիրը ենթադրում է հակամարտության գոտում ռուս, այլ ոչ թե միջազգային խաղաղապահների տեղակայում: Երկու ծրագրերն էլ ենթադրում են հայկական կողմից տարածքային զիջումներ և Ադրբեջանի համաձայնությունը Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակին` հետագայում հանրաքվեի միջոցով վերջնական կարգավիճակը որոշելուն:

Կազանյան ծրագրի վերակենդանացման մասին հայտարարվեց 2016-ի ապրիլյան պատերազմից անմիջապես հետո, երբ Ռուսաստանը կարգավորման մեջ իր միջնորդությունն առաջարկեց: Սակայն ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը պաշտոնապես չսատարեցին կազանյան ծրագրին: Ավելին, փորձագետները նշում են, որ թեև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահող երկրները` ԱՄՆ-ը և Ֆրանսիան, նույնպես բացահայտ չեն առարկել նման ծրագրին, ըստ էության, այն ձեռք չի տալիս Արևմուտքին:

Պատահական չէ, որ հենց Հայաստան Մեդվեդևի այցելելու օրը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին զանգահարել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը և հիշեցրել, որ մայիսի 16-ին Վիեննայում կայացած հանդիպմանը նախագահների հանդիպման պայմանավորվածություն է ձեռք բերվել, որի ընթացքում քննարկվելու է կարգավորման ծրագիրը: Փորձագետները գնահատել են Բայդենի հեռախոսազանգը որպես նախազգուշացում նախագահներին` չգնալ Ռուսաստանի հետ անջատողական համաձայնության և չընդունել կազանյան ծրագիրը:

Ուշագրավ է, որ Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է հակամարտության խաղաղ կարգավորման երաշխիքների մասին: Կիրակի նախագահի աշխատակազմի ղեկավար Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ իր երկիրը հանդես է գալիս խաղաղ կարգավորման օգտին և դեմ չէ ԵԱՀԿ լիազորությունների ընդլայնմանն ու միջադեպերի հետաքննությանը:

Հիշեցնենք, որ նախքան Վիեննայում հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ղարաբաղյան կարգավորման բանակցությունները վերսկսելու երեք պայման էր ներկայացրել` ռազմական գործողություններ չվերսկսելու Ադրբեջանի երաշխիքներ, հակամարտության գոտում միջադեպերի հետաքննության սարքերի տեղադրում և միջազգային հանրության հասցեական մեղադրանքներ: Ադրբեջանը ձևականորեն համաձայնել է առաջին երկու պայմաններին և, փաստորեն, առայժմ չի կատարել երրորդ պայմանը: Երևանը մտադիր է պնդելու, որ միջազգային հանրությունը Ադրբեջանին մեղավոր ճանաչի ապրիլյան լարվածության մեջ:

Եթե որևէ երկիր կամ համանախագահները հանդես գան հայտարարությամբ, որում լարվածության համար մեղքը կդնեն Ադրբեջանի վրա, ապա Հայաստանը պատճառ չի ունենա հունիսյան հանդիպումից հրաժարվելու: Սակայն այդ հանդիպմանը, ինչպես ասում են փորձագետները, Սարգսյանին ավելի մեծ փորձություն է սպասում` կարգավորման ինչ-որ ծրագրերի քննարկում, որոնք ենթադրում են հայկական կողմի ցավոտ տարածքային զիջումներ: Հայ հասարակությունը նման զիջումները գրեթե անվերապահորեն չի ընդունում: