Վերլուծություն. Գերմանիայի խորհրդարանի Հայոց ցեղասպանության բանաձևը դիտվում է որպես գործիք Թուրքիայի դեմ

Photo: Photolure

Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագը մտադիր է քննարկելու Հայոց ցեղասպանության մասին բանաձևը: Փորձագետները խոսում են բանաձևի ընդունման հավանականության մասին, սակայն նշում են, որ դա կախված կլինի Թուրքիայի և Գերմանիայի միջև գլոբալ պայմանավորվածություններից:

Գերմանիայի Բունդեսթագը այդպես էլ չկարողացավ քննարկել բանաձևը 2015-ին, երբ աշխարհը նշում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Քվեարկությունը մի քանի անգամ հետաձգվեց, և այսօր էլ բազմաթիվ փորձագետներ ենթադրում են, որ Բունդեսթագն օգտագործում է բանաձևը որպես Թուրքիայի հետ բանակցություններում գործիք: Մասնավորապես, դա վերաբերում է փախստականների հարցին. Եվրոպայում Թուրքիային մեղադրում են փախստականների հոսքի խթանման մեջ և փորձում են Թուրքիայի հետ պայմանավորվել, որ նա իր տարածքում թողնի փախստականներին:

Մինչ այդ, Երևանում է գտնվում Բունդեսթագի պատվիրակությունը` փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնի գլխավորությամբ: Մամուլի ասուլիսում Գերմանիայի խորհրդարանի փոխնախագահը հայտարարել է, որ բանաձևի տեքստում դատապարտվում է հայերի և Օսմանյան Թուրքիայի մյուս ժողովուրդների նկատմամբ բռնությունները և բռնի տեղահանությունները, ինչպես նաև նշվում է այդ ոճրագործության մեջ Գերմանիայի տխրահռչակ դերը: Այն ժամանակ Գերմանիան Թուրքիայի դաշնակիցն էր և ոչինչ չարեց ոճրագործությունը կանխելու համար:

Այս օրերին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գտնվում է Թուրքիայում, որտեղ մասնակցում է ՄԱԿ-ի համաշխարհային մարդասիրական հարցերով գագաթնաժողովին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ բանակցությունների ընթացքում Մերկելը իր դժգոհությունն է հայտնել Ստամբուլ իր այցի նախօրեին Թուրքիայի խորհրդարանի ընդունած օրենքի առնչությամբ, որով պատգամավորները զրկվում են անձեռնմխելիությունից, ինչը միջազգային հանրությունը գնահատել է որպես Թուրքիայի խորհրդարանում գործողություն քուրդ պատգամավորների դեմ, որոնց անպաշտպան են թողել իշխանության առաջ:

Գերմանիայում է բնակվում բավական մեծ թուրքական համայնք, սակայն ներգաղթյալների ոչ քիչ մասը կազմում են էթնիկ քրդերը և այլ ազգությունների ներկայացուցիչներ, որոնք հանդես են գալիս թուրքական գերիշխանության դեմ: Գերմանիան սատարում է քրդական շարժումը, այդ թվում նաև որպես ճնշման գործիք Թուրքիայի վրա, որի իշխանություններն այսօր մարտական գործողություններ են իրականացնում քրդերի դեմ: Այս համատեքստում պնդումներն այն մասին, որ հայկական հարցը նույնպես նման գործիք է, անհիմն չի թվում:

Ուշագրավ է, որ Ցեղասպանության մասին բանաձևի հեղինակը Թուրքիայում ծնված, ազգությամբ չերքեզ պատգամավոր Ջեմ Օզդեմիրն է: