Իսկ Հայաստանի՞ն սա ինչ կտա. Գերմանիան Բունդեսթագի բանաձևով Թուրքիայի հախից եկավ

Photo: www.president.am

Չնայած Գերմանիայի Բունդեսթագի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը և հանցագործության համար բուն Գերմանիայի պատասխանատվությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո Թուրքիայի հետ դիվանագիտական սկանդալին` Գերմանիան և Թուրքիան շարունակում են դաշնակիցներ մնալ, պարզապես Գերմանիան ամրապնդել է իր դիրքերը Թուրքիայի հետ հետագա բանակցություններում:

Հայաստանում փորձում են գնահատել Բունդեսթագի ընդունած բանաձևի նշանակությունը հայկական շահերի տեսանկյունից: Հայաստանի նախագահը երախտագիտություն է հայտնել Գերմանիայի ղեկավարությանը` այն «պատմական քայլ» որակելով, արտգործնախարարը նույնպես ողջունել է Գերմանիայի դիրքորոշումը: Սակայն, ինչպես նշում են փորձագետները, Հայաստանը Թուրքիային իրավական պահանջներ չի ներկայացնում և նյութական կամ տարածքային փոխհատուցում չի պահանջում: Ուստի նման բանաձևերի ընդունումը Հայաստանի համար չի կարող իրավական և քաղաքական հետևանքներ ունենալ: Հայաստանը պաշտոնապես չի հրաժարվել 1921 թ. Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրից, որով Մոսկվան և Անկարան որոշել են Հայաստանի ներկայիս սամանները:

Այս առնչությամբ թե՛ Հայաստանում և թե՛ Արևմուտքում բազմաթիվ վերլուծաբաններ համարում են, որ Բունդեսթագի կողմից բանաձևի ընդունումը վերաբերում է Թուրքիային և Գերմանիային, սակայն ոչ Հայաստանին: Գերմանիան` որպես Եվրոպայում առաջատար պետություն, բարդ հարաբերությունների մեջ է Թուրքիայի հետ: Եվրոպան մեղադրում է Թուրքիային Մերձավոր Արևելքի փախստականների հոսքի դեմը չառնելու մեջ: Եվրոպան Թուրքիայի հետ փախստականների մասին համաձայնագիր է կնքել, սակայն կնքելուց անմիջապես հետո այն ստորագրողը` Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, հրաժարական է տվել: Թուրք-եվրոպական համաձայնագրի հարցը կասկածի տակ է դրվել, այն կարող է վերանայվել, և Գերմանիան, Հայոց ցեղասպանության մասին բանաձև ընդունելով, հետագա երկխոսությունում ամրապնդել է իր դիրքերը:

Արևմտյան վերլուծաբանները նաև նշում են, որ թուրք-եվրոպական հարաբերությունները կարող են վերջնականապես փակուղի մտնել, եթե քրդերը կարողանան հաջողությունների հասնել Սիրիայում և Իրաքում և հայտարարեն Քրդստան ստեղծելու մասին: Այս դեպքում Առաջին համաշխարհային պատերազմից և Օսմանյան կայսրության անկումից հետո կնքված պայմանագրերը կարող են վերանայվել: Եվ այդ ժամանակ նորից կառաջանա հայկական հարցը:

Հայ փորձագետները նաև ենթադրում են, որ բանաձևն ընդունելուց հետո Գերմանիան` որպես ԵԱՀԿ գործող նախագահ, կարող է փորձել իր ձեռքը վերցնել ղարաբաղյան կարգավորումը: Ոմանք նույնիսկ ասում են, որ Ղարաբաղը կարող է Հայոց ցեղասպանության ընդունման «փոխհատուցում» լինել: Սակայն առայժմ Գերմանիան հայտարարում է, որ հավատարիմ է ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին:

Ուշագրավ է, որ Բունդեսթագի կողմից բանաձևն ընդունելուց անմիջապես հետո ցեղասպանությունը ճանաչելու կոչեր են հնչել նաև` ուղղված ԱՄՆ-ի նախագահին: Բարաք Օբաման նախքան ընտրվելը հայտարարել էր, որ պատրաստ է ընդունելու Հայոց ցեղասպանությունը: Այժմ ԱՄՆ-ի հայ համայնքը մեղադրում է նրան խոստումը չկատարելու համար: Սակայն վերլուծաբանները չեն բացառում, որ եթե ԱՄՆ-ը Գերմանիայի պես համարի, որ Թուրքիային ճնշելու ժամանակն է, ապա Վաշինգտոնը նույնպես կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: