Ընդհանուր երկինք. Հայաստանի և Ռուսաստանի խորհրդարանները կվավերացնեն ՀՕՊ համակարգի համաձայնագիրը

Photo: Photolure

Անցյալ շաբաթ Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկել է երկու կարևոր նախագիծ` հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) հայ-ռուսական միավորված համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը և ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության դադարեցման գործընթաց սկսելու մասին առաջարկ:

Առաջին համաձայնագրին հանձնաժողովը հավանություն է տվել, և հունիսին այն կներկայացվի խորհրդարանի հաստատմանը: Իսկ երկրորդ առաջարկի հեղինակ, ընդդիմադիր Խաչատուր Քոքոբելյանը համաձայնել է մեկ տարով քննարկումը հետաձգել:

Երկու որոշումներն էլ առնչվում են հայ-ռուսական հարաբերություններին, որոնք համարվում են ոչ միայն որպես Հայաստանին վերաբերող խնդիրների`տնտեսության, ղարաբաղյան հիմնախնդրի, անվտանգության, կոռուպցիայի, այլև ընդհանուր առմամբ տարածաշրջանային խնդիրների լուծմանը վերաբերող առանցքային գործոն:

Բազմաթիվ փորձագետներ խոսում են հայ-ռուսական հարաբերությունները վերանայելու, յուրաքանչյուր կողմի իրավունքները և պարտավորությունները ճշտելու անհրաժեշտության մասին: Սա կապված է Ռուսաստանից Հայաստանի մեծ կախվածության հետ, որը սպառնում է պետական ինքնիշխանությանը և խոչընդոտում որոշումների ընդունումը:

Թեև Հայաստանում զգում են այդ սպառնալիքը, սակայն երկրում չկան քաղաքական ուժեր և նույնիսկ քաղաքացիական խմբեր, որոնք ի զորու կլինեն ձևակերպելու հայ-ռուսական հարաբերությունները վերանայելու պահանջը և դրանք վերադարձնել իրավահավասար գործընկերային ռելսեր:

Ղարաբաղում ապրիլյան պատերազմից հետո Երևանում անցկացվեցին երեք բողոքի ակցիաներ Ռուսաստանի դեսպանության մոտ` պահանջելով Ռուսաստանից կատարել իր դաշնակցային պարտավորությունները և Ադրբեջանին զենք չմատակարարել: Սակայն այդ ակցիաները չվերածվեցին քաղաքական գործընթացի, և խորհրդարանում ոչ մի խմբակցություն հանդես չեկավ Ռուսաստանին ուղղված պահանջով: Թեև պաշտոնատար անձինք և բոլոր խմբակցությունների պատգամավորները բարձրացրել են այս հարցերը ռուսաստանցի գործընկերների հետ հանդիպումներում:

ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի առաջարկը կարելի է դիտարկել որպես այս ուղղությամբ առաջին քաղաքական քայլ: Այս առաջարկն արվել է այն բանից հետո, երբ ակնհայտ է դարձել Եվրասիական միությանն անդամակցությունից Հայաստանի տնտեսական վնասները, ինչպես նաև Ադրբեջանի հետ հակամարտության մեջ ԵԱՏՄ անդամ երկրների աջակցության բացակայությունը:

Քոքոբելյանը ներկայացրել է ԵԱՏՄ-ում Հայաստանի մնալու աննպատակահարմարության թվերով և փաստերով հիմնավորված փաստարկներ, և ոչ ոք չի հերքել այդ փաստարկները: Ընդ որում, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, վկայակոչելով «ստեղծված իրավիճակը», կոչ է արել օրակարգից հանել առաջարկը, և Քոքոբելյանը համաձայնել է առաջարկի քննարկումը մեկ տարով հետաձգել:

Փոխարենը հանձնաժողովը երկար քննարկումներից հետո դրական եզրակացություն է տվել ՀՕՊ տարածաշրջանային համակարգի ստեղծման համաձայնագրին: Համաձայնագրի քննարկման ընթացքում պաշտպանության նախարարության ներկայացուցիչները չեն կարողացել պատասխանել պատգամավորների հասարակ հարցին` ո՞վ է կառավարելու միավորված ՀՕՊ-ը, ո՞վ պետք է հրամաններ արձակի, եթե Հայաստանի տարածք ներխուժի ադրբեջանական կամ թուրքական օդանավ:

Այդուհանդերձ, համաձայնագիրը հավանության է արժանացել, և հունիսին այն, ամենայն հավանականությամբ, կվավերացնեն Ռուսաստանի և Հայաստանի խորհրդարանները: Սրանից հետո հայաստանյան մամուլում «Հայաստանը Ռուսաստանին է հանձնել նաև իր երկինքը» վերնագրով հոդվածներ հայտնվեցին:

Հայ-ռուսական հարաբերությունները ճշտելը առանցքային է դառնում Հայաստանի տնտեսական և անվտանգության խնդիրների լուծման մեջ: Արդեն բազմաթիվ փորձագետներ և պաշտոնյաներ ընդունում են, որ առանց հայ-ռուսական հարաբերությունները «վերաֆորմատավորելու» Հայաստանում դժվար է լուծել ներքին խնդիրները, էլ չասած արտաքին ներդրումների և հաղորդակցությունները բացելու մասին: