Սուգ և աղոթք. Հայաստանի եվրատեսիլյան ներկայացուցիչը չեղյալ է համարել իր համերգը Ղարաբաղի պատճառով

Photo: Via Facebook

«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը չեղյալ է համարել «Եվրատեսիլյան համերգ» միջոցառման շրջանակում իր առաջիկա համերգը Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում` Լեռնային Ղարաբաղում բռնկված մահացու գոտեմարտերի պատճառով, որոնց հետևանքով այս ամսվա սկզբին զոհվեցին զինվորներ և խաղաղ բնակիչներ:

Գերմանիայում բնակվող հայ երգչուհին, ով մայիսին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում Հայաստանը կներկայացնի Եվրոպայի ամենամեծ փոփ երաժշտության մրցույթում, «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Հայ ժողովուրդը սգում է այն խաղաղ հայ մարդկանց կորուստը, ովքեր դաժանաբար սպանվեցին Ղարաբաղում»:

«Մենք շարունակում ենք աղոթել այն քաջ զինվորների համար, ովքեր սեփական կյանքը զոհեցին՝ պաշտպանելով իրենց երեխաներին ու ծնողներին, բոլորիս խաղաղությունը:

Պատերազմական հանցագործություններն արդյունք են ատելության, սիրո բացակայության և անտարբերության: Կոչ եմ անում միջազգային հանրությանը դատապարտել ագրեսիան, քարոզել սեր և խաղաղություն»,- ասել է 29-ամյա երգչուհին:

Երևանում նաև մի շարք ակումբներ որոշ ժամանակով դադարեցրել են իրենց ժամանցային միջոցառումները, իսկ երգիչներն ու արտիստները` հետաձգել համերգները հայ-ադրբեջանական հակամարտության գոտում բռնության վերջին սրման պատճառով: Մի քանի հայ արվեստագետներ հայտարարել են, որ իրենց համերգների հասույթը կտրամադրվի հակամարտությունից տուժած մարդկանց օգնությանը:

Տասնյակ հայ զինվորներ զոհվեցին, հարյուրից ավելին վիրավորվեցին ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած նոր ագրեսիայի ընթացքում: Մի շարք քաղաքացիական անձինք էլ, այդ թվում`12-ամյա տղա և 92-ամյա կին, զոհվեցին Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ռմբակոծությունների և բնակավայր դիվերսիոն ներխուժման հետևանքով:

Ռազմական գործողությունները, որոնց ընթացքում օգտագործվել են ծանր հրետանի, տանկեր և օդուժ, կասեցվեցին, երբ ապրիլի 5-ին հակամարտող կողմերը կրակի դադարեցման պայմանավորվածություն ձեռք բերվեցին: Սակայն սահմանային բախումները և փոխհրաձգությունը դեռևս շարունակում են մարդկային կյանքեր խլել: