Ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանը արժանացել է Պուլիտցերյան մրցանակի պոեզիայի բնագավառում

Գրող Փիթեր Բալաքյանը արժանացել է 2016-ի Պուլիտցերյան մրցանակի «Օզոնային օրագիր» պոեմների ժողովածուի համար: Հաղթողները և եզրափակիչ դուրս եկածները հայտնի են դարձել երկուշաբթի Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում ուղիղ հեռարձակման ժամանակ: Այս տարի նշվում է Պուլիտցերյան մրցանակի 100-ամյակը:

«Պեզիայում մրցանակը շնորհվում է Փիթեր Բալաքյանին` «Օզոնային օրագիր» ժողովածուի համար, որում գլոբալ վտանգների ու անորոշությունների այս դարաշրջանում վկայակոչվում են հին ողբերգությունները և կորուստները»,- ըստ Armenian Weekly-ի հայտարարել է Մայք Փրայդը` Պուլիտցերյան մրցանակի ադմինիստրատորը:

«Օզոնային օրագիր» պոեմների ժողովածուում ներառված են 54 պոեմ, որոնցում հեղինակը մերթ տեղափոխվում է սիրիական անապատ, որտեղ տեղի են ունենում Հայոց ցեղասպանության զոհ դարձած նախնիների մասունքների պեղումները, մերթ տեղափոխվում է 1990-ականների Մանհեթեն, որտեղ զրուցում է մահացու հիվանդ զարմիկի հետ, մերթ՝ Նյու Մեխիկոյի հնդկացիական Նայրոբի գյուղ:

Փիթեր Բալաքյանը Քոլգեյթի համալսարանի հումանիտար գիտությունների պրոֆեսոր է: Նա բանաստեղծական 7 և 4 արձակ ստեղծագործությունների հեղինակ է, որոնց թվում են «Վագրը կրակի մեջ. Հայոց ցեղասպանությունն ու Ամերիկայի պատասխանը» և «Ճակատագրի սև շունը», որոնք բեսթսելլեր են դարձել ԱՄՆ-ում: