«Եվրատեսիլ-2016». Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը պաշտոնական փորձից հետո լրատվամիջոցների կողմից ճանաչվել է լավագույնը

«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան պատվիրակ Իվետա Մուկուչյանի ելույթը Շվեդիայի «Էրիքսոն գլոբ արենայում» առաջին լավագույնն է ճանաչվել է ներկայացուցիչների կողմից: «Եվրատեսիլ-2016»-ը լուսաբանող տարբեր երկրներից ժամանած լրագրողների քվեարկությամբ Մուկուչյանի ելույթը ստացել է 92 միավոր:

Երկրորդ հորիզոնականում 90 միավորով Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Լազարևն է:

Պաշտոնական փորձից հրապարակված տեսանյութում երևում է, որ երգչուհին բեմում միայնակ է լինելու, հատկանշական է նաև, որ բեմադրության մեջ բացակայում են «Եվրատեսիլի» բեմում հայաստանյան պատվիրակների ելույթներին բնորոշ ազգային ատրիբուտները:

Նախքան հայաստանյան պատվիրակության Շվեդիա մեկնելը նախաեվրատեսիլյան մամուլի ասուլիսում մրցույթի հայաստանյան պատասխանատու Գոհար Գասպարյանը նշել է, որ բեմադրությունը կազմակերպված է` հանդիսատեսի մեջ տպավորություն ստեղծելու, որ տեսահոլովակ է դիտում:

«Իվետան մրցույթում ելույթ կունենա 5 բեք վոկալիստների հետ, սակայն նրանք բեմում չեն երևա։ Բեմադրության հեղինակը շվեդուհի է։ Իվետան խոստանում է նաև գրաֆիկական ու լուսային հատուկ էֆեկտների միջոցով փոխանցել Love Wave` սիրո ալիքները»,- ասել է Գասպարյանը:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2016»-ը կանցկացվի մայիսի 10-ին, 12-ին և 14-ին:

Մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը իր Love Wave («Սիրո ալիք») երգով հանդես կգա առաջին կիսաեզրափակչում: