Թանկյանը` Արցախի համար. SOAD խմբի մեներգչի երգը` ի աջակցություն Ղարաբաղի

Ամերիկահայ ռոք աստղ և ակտիվիստ Սերժ Թանկյանը հայերեն երգ է ներկայացրել` ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և ի նշան բողոքի Ադրբեջանի ագրեսիայի:

System of a Down (SOAD) աշխարհահռչակ խմբի 48-ամյա մեներգիչն իր հեղինակած «Արցախ» երգը կատարում է կիթառի նվագակցությամբ: Երգի ներշնչանքի աղբյուրը ապրիլի սկզբին քառօրյա պատերազմի ընթացքում Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական հարձակման դեմ իրենց հողը պաշտպանող հայ զինվորների քաջությունն է:

«Այս մարդիկ հազարամյակներով ապրել են այս հողի վրա: Նրանց ճակատներին գրված են պայքար և գեղեցկություն: Կայսրության (Ստալինի) քմահաճ որոշմամբ հողերը հանձնվեցին Ադրբեջանի տիրապետության տակ: Անկախություն ձեռք բերելուց ի վեր վերջին երկու տասնամյակների ընթացքում նրանք ապրում էին բարեկեցիկ կյանքով»,- ասել է Թանկյանը տեսահոլովակն ուղեկցող տեքստում:

«Ես կողմնակից չեմ ո՛չ պատերազմներին և ո՛չ էլ սահմաններին, սակայն ես խորապես հավատում եմ ինքնորոշմանը և առանց ճնշումների ապրելուն: Ուստի ժամանակն է, որ աշխարհը ճանաչի նրանց որպես Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետություն»: