
«Եվրատեսիլ-2016»-ում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը փայլել է մրցույթին նախորդող կարմիր գորգի հանդիսավոր արարողությանը:
Համաեվրոպական երգի «Եվրատեսիլ» մրցույթում Մուկուչյանը իր Love wave («Սիրո ալիք») երգով ելույթ կունենա այսօր` մայիսի 10-ին, առաջին կիսաեզրափակչի 7-րդ համարի ներքո:
Կարմիր գորգով անցնելիս երգչուհուն բուռն ծափահարություններով դիմավորել են մրցույթը լուսաբանելու նպատակով Ստոկհոլմ ժամանած լրագրողները, հատուկ հյուրերը և երկրպագուները, իսկ Ռուսաստանի ներկայացուցչի պրոդյուսեր Ֆիլիպ Կիրկորովը չի կարողացել զսպել հիացմունքը, նշելով, որ այդպիսի գեղեցիկ երգչուհին պետք է որ տպավորի ռուսաստանցիներին:
Իր «Ֆեյսբուքի» էջում Մուկուչյանը գրել է. «Ելույթից առաջ դրական տրամադրություն ունեմ, շատ հանգիստ եմ: Մի տեսակ լուրջ մտերմություն է սկսվել իմ ու այդ հսկայական եվրատեսիլյան բեմի միջև: Երբ իջնում եմ բեմից, ցանկանում եմ անմիջապես նորից բարձրանալ»:
Հիշեցնենք, որ մրցույթի պաշտոնական մեկնարկին նախորդած բոլոր փորձերին Իվետայի ելույթը բարձր գնահատականների է արժանացել, մասնավորապես, առաջին և երկրորդ փորձերը լավագույնն են ճանաչվել լրատվամիջոցների ներկայացուցիչների քվեարկության և բրիտանական Wiwibloggs-ի ընթերցողների շրջանում։
Հայաստանյան պատվիրակը հաղթող է ճանաչվել նաև մեկ այլ՝ Eurovision’s Next Top Model 2016-ի («Եվրատեսիլի» հաջորդ թոփ մոդել) մրցույթի առաջին և երկրորդ փուլերի ընթացքում:
Չնայած լրատվամիջոցների և բազմաթիվ երկրպագուների համակրանքին` բուքմեյքերները 30/1 գործակցով Մուկուչյանին կանխատեսում են 8-րդ հորիզոնականը, որը, ի դեպ, խորհրդանշական է հայաստանյան պատվիրակների համար՝ 2006 և 2007 թվականներին Հայաստանը ներկայացնող Անդրեն և Հայկոն զբաղեցրին հենց այդ հորիզոնականը:
Բուքմեյքերների գնահատմամբ՝ մրցույթի ֆավորիտն է Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Լազարևը իր You are the only one («Դու միակն ես») երգով, նրան հաջորդում են Ուկրաինայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները: