Իվետա-տեսիլ. բուքմեյքերներն արձագանքում են համաեվրոպական երգի մրցույթում հայ երգչուհու ելույթին

«Եվրատեսիլ-2016»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը հաղթահարելուց հետո հայաստանյան պատվիրակ Իվետա Մուկուչյանը, բուքմեյքերների գնահատմամբ, հավակնում է մրցույթի 4-րդ հորիզոնականին:

Հիշեցնենք, որ մինչ մրցույթի մեկնարկը Հայաստանի ներկայացուցչին բուքմեյքերները կանխատեսում էին 8-րդ հորիզոնականը: Նրանց գնահատմամբ՝ ֆավորիտներից համարվող Հունաստանը առհասարակ չանցավ եզրափակիչ:

Մուկուչյանի ելույթի նկատմամբ հանդիսատեսի համակրանքը երևում էր նույնիսկ դահլիճից, ովքեր երգչուհու կատարումը ուղեկցում էին հիացական բացականչություններով:

Ելույթի ընթացքում Մուկուչյանը բեմում միայնակ էր, 5 բեք վոկալիստները բեմում էին, բայց աննկատ: Շոուի մեխը հանդիսացող 3D էֆեկտների շնորհիվ Շվեդիայի մայրաքաղաք Սկոկհոլմի «Էրիքսոն գլոբ» արենայում մի պահ երևացին երգչուհու վիզուալ մի քանի պատկերները:

Իվետան եվրատեսիլյան բեմում էր բազմաթիվ քննարկումների տեղիք տված բեմական հագուստով, որի հեղինակը հայազգի դիզայներ Արևիկ Սիմոնյանն էր:

Մուկուչյանի կատարումից հետո սոցիալական ցանցերում բուռն քննարկվում էր նրա ելույթը, թերահավատները, ովքեր քննադատաբար էին մոտեցել երգչուհու երգին և կերպարին, իրենց մեկնաբանություններում ընդունում էին, որ սա «Եվրատեսիլին» Հայաստանի մասնակցության պատմության մեջ լավագույն ելույթներից էր:

Եզրափակիչ փուլ անցան նաև մրցույթի բացահայտ ֆավորիտ համարվողՌուսաստանը, Ադրբեջանը, Նիդեռլանդները, Հունգարիան, Խորվաթիան, Ավստրիան, Չեխիան, Կիպրոսը և Մալթան:

Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանի իր Love wave («Սիրո ալիք») երգը լավագույն ելույթ էր ճանաչվել առաջին և երկրորդ գլխավոր փորձերի ընթացքում, Իվետան նաև հաղթել էր «Եվրատեսիլի» հաջորդ թոփ մոդել անվանակարգում:
29-ամյա գերմանաբնակ երգչուհին, ով հայ հանդիսատեսին հայտնի է «Հայ սուպերսթար», այնուհետև «Գերմանական ձայն» նախագծերից, եզրափակչին՝ մայիսի 14-ին, հանդես կգա խորհրդանշական 7-րդ համարի ներքո: