«Եվրատեսիլ». Ուկրաինայի կիսով չափ հայ մասնակիցը հաղթել է երգի «քաղաքականացված» մրցույթում

Jamala , 2016 Eurovision Song Contest Winner / Photo: Andres Putting (EBU)

Գերմանիայում բնակվող Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը անցյալ գիշեր 26 մասնակիցների շարքում զբաղեցրել է յոթերորդ հորիզոնականը «Եվրատեսիլ» երգի մրցույթի մեծ եզրափակչում, որտեղ հաղթել է Ուկրաինայի կեսով չափ հայ երգչուհի Ջամալան` իր բավական քաղաքականացված երգով:

Ի տարբերություն Մուկուչյանի ռոմանտիկ զգացմունքներ տարածող LoveWave («Սիրո ալիք») երգի` Ջամալան (Սուսաննա Ջամալադինովան), որի հայրը Ղրիմի թաթարներից է, իսկ մայրը` հայ, երգել է 1944-ին Ստալինի կողմից թաթարների բռնի արտաքսման մասին թերակղզուց, որն այժմ կռվախնձոր է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև:

Իվետա Մուկուչյան / Photo: Andres Putting (EBU)
Iveta Mukuchyan / Photo: Andres Putting (EBU)

Սակայն այս տարի Շվեդիայում անցկացված մրցույթի կազմակերպիչները 32-ամյա Ուկրաինայի ներկայացուցչի երգում չտեսան պարունակվող որևէ քաղաքական ուղերձ, որը կարտացոլեր 2014 թ. Ղրիմի վիճահարույց բռնակցումը Ռուսաստանին:

Ավելի վաղ հանրային հեռարձակողներին միավորող Եվրոպական հեռարձակողների միությունը, որը ամենամյա մրցույթի կազմակերպիչն է, զգուշացրել էր Հայաստանին մայիսի 10-ին առաջին կիսաեզրափակչի ավարտին Մուկուչյանի կողմից Ղարաբաղի դրոշը ծածանելու համար: Նրանք ասել էին, որ Հայաստանի հանրային հեռարձակողը դեռ կբախվի «պատժամիջոցների» և նախազգուշացրել, որ «Եվրատեսիլ-2016» երգի մրցույթի ընթացքում կանոնների ցանկացած այլ խախտում կարող է պատճառ դառնալ Հայաստանին որակազրկելու կամ հետագայում մասնակցությունը շարունակելը թույլ չտալու համար»:

Մուկուչյանը, ով համարվել է «Եվրատեսիլ-2016»-ի ամենագեղեցիկ կին մասնակիցը, համընդհանուր կարծիքով` բավական տպավորիչ աշխատանք է ներկայացրել: Ճիշտ է, 29-ամյա երգչուհին եզրափակչում Ղարաբաղի դրոշը չի պարզել, սակայն Karabach♥Iveta («Ղարաբաղը  սիրում է Իվետային») գրությամբ պաստառով օդանավը նախքան շաբաթ օրը «Եվրատեսիլի» եզրափակչի սկսվելը պտտվել է Ստոկհոլմի «Գլոբեն արենա» համերգասրահի վրայով: