Գազի խնդիր. տնտեսագետներն ասում են` սահմանին գնի նվազեցումը կարող է հանգեցնել վերջնական սպառողների համար գնի նվազմանը

Photo: Nazik Armenakyan/Armenianow.com

Թեպետ Ռուսաստանը Հայաստանին մատակարարվող գազի գինը սահմանին իջեցրել է 9 տոկոսով, դեռ պարզ չէ, թե վերջնական սպառողին մատակարարվող գազի արժեքը որքան կլինի:

Հայաստանի համար ռուսական գազի գնի` 15 դոլարով իջեցման մասին հայտարարել էր Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Երևան կատարած իր այցի ընթացքում անցյալ շաբաթվա վերջին` ընդառաջ գնալով Հայաստանի իշխանությունների` մի քանի ամիս արված առաջարկին:

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է` կառավարությունը հաշվարկներ պետք է կատարի, և առաջիկայում պարզ կլինի` որքանով կնվազի գազի գինը վերջնական սպառողի համար: Մինչև այս ամսվա սկիզբը «Գազպրոմ Արմենիան» սահմանին գազը գնում էր 165 դոլարով և վաճառում ՀՀ սպառողներին միջինը 320 դոլարով` գրեթե կրկնակի թանկ:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ընթակարգի համաձայն, կա՛մ «Գազպրոմ Արմենիայի» դիմումով, կա՛մ էլ սեփական նախաձեռնությամբ պետք է քննարկի սակագնի վերանայման հարցը: Ըստ որոշ փորձագետների` ցանկության դեպքում հանձնաժողովը կարող է վերանայել գազի գինը` այն նվազեցնելով 24-40 դոլարով 1000 խմ-ի դիմաց, չնայած Ռուսաստանն այն նվազեցրել է 15 դոլարով:

Ենթադրելով, որ «Գազպրոմ Արմենիան» ներդրումներ ու աշխատավարձերի բարձրացում չի նախատեսում, Ազգային ժողովի պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը հավանական է համարել սպառողի համար գազի գնի նվազումը:

«Տրամաբանությունը հուշում է, որ գազի գինը հասարակ քաղաքացու համար գոնե պետք է նվազի այնքան, որքան նվազել է սահմանին»,- օրերս Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանն ասել էր Մելքումյանը:

Ըստ տնտեսագետ Արտակ Մանուկյանի` գազի սակագինը բնակչության համար կարող է նվազել ավելի շատ, քան 9 տոկոսով` «Գազպրոմ Արմենիայի» ապրանքի` գազի առքուվաճառքի գների տարբերության հաշվին: Ըստ Մանուկյանի` փսրձագիտական հաշվարկները ցույց են տվել, որ ընկերության մաքուր շահույթը 1000 խմ գազից կազմում է 46 դոլար, ինչի հաշվին էլ հնարավոր է նվազեցնել գազի գինը:
Նա համոզված է` համադրելով «Գազպրոմ Արմենիայի» մաքուր շահույթը, սահմանին գազի ինքնարժեքը, ծախսերը` կարելի է ասել, որ «կապույտ վառելիքի» սակագինը բնակչության համար կարող է նվազել մոտ 40 դոլարով: Ավելին, ըստ տնտեսագետի, ճկունության և բնակչության համար գազի մատչելիության տեսանկյունից կարելի է սահմանել նաև սեզոնային գներ:

«Ասենք՝ ձմռան ամիսներին, երբ բնակչությունը ավելի շատ է գազ սպառում, սահմանվի ավելի ցածր սակագին, որը կարող է փոխհատուցվել՝ տաք եղանակին բարձր սակագին սահմանելով, երբ տնային տնտեսություններն ավելի քիչ են գազ սպառում: Տնային տնտեսությունների համար սա կարևոր է, քանի որ թեպետ այն սպառում է գազի ծավալի մոտ մեկ քառորդը, սակայն վճարում է ընդհանուր գումարի 50 տոկոսից ավելին»,- ասել է Մանուկյանը:

Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի գնահատմամբ` գազի գնի իջեցումը կարևոր է նախ տնտեսության համար, քանի որ դա կբերի նաև էլեկտրաէներգիայի սակագների նվազման, արտադրության արժեքի նվազման, ինչպես նաև հետագա գնանկման, ինչը առևտրի նվազման ներկա տեմպերի համար միայն դրական զարգացում կարելի է համարել: