Նախարար. Ղարաբաղում հակամարտության սրացումը չի ազդի Հայաստանի տնտեսության վրա

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրացումը բացասաբար չի ազդի Հայաստանի տնտեսական աճի վրա:

Երեքշաթբի լրագրողների հետ զրույցում նախարարը ապրիլի սկզբին ղարաբաղյան առաջնագծում ծավալված ռազմական իրադարձությունները մարտահրավեր է անվանել երկրի տնտեսության համար, որն իրենք պատրաստ են հաղթահարել.

«Առանց տնտեսական առաջընթացի և համախմբվածության՝ անհնար է երաշխավորել երկրի լիարժեք անվտանգությունը, հետևաբար, շատ կարևոր է ջանքերն ուղղել տնտեսական առաջմղման և ներդրումներ ներգրավելու ուղղությամբ»,- ասել է փետրվարին իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության հետ քաղաքական համագործակցության համաձայնագիր ստորագրած Հայ հեղափոխական դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության անդամ Մինասյանը:

«Մենք պետք է կրկնակի, եռակի շատ ջանքեր գործադրենք` ներդրումներ ներգրավելու և առևտրաշրջանառությունը պատշաճ մակարդակի հասցնելու համար»,- հավելել է  նախարարը, տեղեկացնելով, որ դրա համար նախատեսում են «Օտարերկրյա ներդրողների մասին» օրենքում փոփոխություններ կատարել, ինչի շնորհիվ հնարավոր կլինի ներդրողների իրավունքների լիակատար պաշտպանությունը:

Այդուհանդերձ, որքան էլ լավատեսական է տրամադրված նախարարը, փորձագետները չեն բացառում հակամարտության սրացման բացասական հետևանքները, թեպետ մատնանշում են նաև դրանց հետ կապ չունեցող խնդիրներ, որոնք խոչընդոտում են ներդրումների հոսքը Հայաստան:

Տնտեսագետ, ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի գնահատմամբ` դասական մոտեցում ցուցաբերելու դեպքում, պետք է ասել, որ լարվածության աննախադեպ աճը բացասաբար է ազդելու ներդրումների վրա, քանի որ դրանք «խաղաղություն են սիրում»:

«Սակայն մեկ այլ հանգամանք էլ կա` վերջին օրերին բարձրաձայնվող Հայաստանին օգնելու պատրաստակամությունը, այսօրվա ոգևորությունը, հնարավոր է` վերածվեն իրական ներդրումների: Սա, դեռևս, ցավոք, չի նշանակում գործնական քայլեր, քանի որ վաղը-մյուս օրը, երբ ամեն ինչ հանգստանա, այդ մարդիկ գնահատեն իրավիճակը, գուցե փոխեն իրենց մոտեցումը»,- «ԱրմենիաՆաուին» ասում է տնտեսագետը:

Ըստ Խաչատրյանի` զուտ տնտեսագիտական տեսանկյունից Հայաստանը ներդրումների համար նպաստավոր երկիր չէ. «Մենք փաստացի պատերազմող երկիր ենք, հարկային համակարգը բարենպաստ չէ, կա կոռուպցիա, բիզնես ոլորտը նպաստավոր չէ, առկա է հովանավորչություն: Ու քանի դեռ այս ամենը չի փոխվել, նոր, մեծածավալ ներդրումների ակնկալիքի մասին չենք կարող խոսել»:

Փետրվարի 12-ին իր ծրագրային ելույթում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պնդել է, որ հնարավոր է տնտեսական և քաղաքական բարեփոխումներ իրականացնել և զարգանալ նույնիսկ այն պայմաններում, որ Հայաստանն այսօր ունի` արևելք և արևմուտքի իր հարևանների` Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների իսպառ բացակայության պայմաններում:

Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը համակարծիք է այս գնահատմանը` ներքին խնդիրները լուծելու դեպքում Հայաստանը կարող է ներդրումներ ներգրավել անգամ խաղաղության անկայուն ժամանակներում:

«Իհարկե, պատերազմն ազդում է իրավիճակի վրա, սակայն եթե Հայաստանը կարողանա սեփականության իրավունքը պաշտպանել, ներդրումները կարող են ավելանալ և հատկապես սփյուռքից ու հատկապես վերջին իրադարձություններից հետո», – «ԱրմենիաՆաուին» ասում է Գրիգորյանը` բերելով Իսրայելի օրինակը, որտեղ նույնպես իրադրությունը հանդարտ չէ, բայց ներդրումների պակաս չկա:

Ըստ փորձագետի` հակամարտության շուրջ վերջին զարգացումները կարող են թե՛ բացասաբար, թե՛ դրական ազդել նաև զբոսաշրջության ոլորտի վրա, քանի որ հնարավոր է` մարդիկ զգուշանան, չգան, նաև հնարավոր է` հետաքրքրություն ստեղծվի, ու աշխարհն իմանա Հայաստանի ու Արցախի մասին ու ցանկանա գալ, տեսնել: Սակայն զբոսաշրջությունը, ըստ Գրիգորյանի, Հայաստանի տնտեսության գլխավոր ճյուղ լինելուց հեռու է, ու դրա վրա շեշտադրում անելն էլ մեծ արդյունք չի կարող գրանցել:

Դեռևս փետրվարից ներդրումներ գրավելու գործին է լծվել նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նա արդեն 5 աշխատանքային քննարկում է անցկացրել` հայ-արգենտինական, հայ-գերմանական, հայ-ֆրանսիական, հայ-ավստրիական և հայ-իրանական տնտեսական հարաբերությունները ինտենսիվացնելու և այդ երկրների բիզնես ներկայությունը Հայաստանում ընդլայնելուն ուղղված հանձնարարականներ տալու համար: Սարգսյանի կատարած վերջին այցելությունները Միացյալ Նահանգներ և Գերմանիա նույնպես միտված են աշխարհի առաջատար տերությունների հետ առևտրային և ներդրումային կապերի ամրապնդմանը: