Տնտեսագետ. ռազմական ծախսերի մեծացումը կարող է ավելացնել տնտեսության բեռը

Karlen Khachatryan

Չնայած Հայաստանի իշխանությունների լավատեսությանը` երկրի տնտեսությունն ուղղակիորեն ու անուղղակիորեն բացասական հետևանքներ է կրելու ղարաբաղյան քառօրյա պատերազմից, իսկ առաջիկայում ռազմական ծախսերի հնարավոր մեծացումը ավելի մեծ բեռ կարող է դառնալ` համազված են տնտեսագետները:

«Անուղղակի մեր կրած վնասները պատերազմից ավելի մեծ կարող են լինել, քան ուղղակի»,- երեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանն ասել է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը` հավելելով, որ ապրիլի սկզբից բիզնեսն արդեն սկսել է ավելի զգուշավոր վարք դրսևորել, իսկ առաջիկայում հակամարտության աննախադեպ սրացումը բացասաբար է ազդելու Հայաստանի ներդրումային գրավչության վրա:

«Իրավիճակը ծայրահեղ վատ չէ, սակայն մենք 2016 թվականը շատ ավելի լավ մեկնարկային պայմաններով ենք սկսել, քան 2015-ը, ու եթե այս զարգացումները չլինեին, հնարավոր կլիներ հասնել նախանշած 2,5 տոկոսանոց աճին»:

Արժույթի միջազգային հիմնադրամը ապրիլին նվազեցրել է Հայաստանի 2016 թվականի տնտեսական աճի կանխատեսումը 0,3 տոկոսային կետով և հասցրել 1,9 տոկոսի։

Որպեսզի այս տարի հնարավոր լինի հասնել ծրագրված տնտեսական աճին, պետք է հստակ քայլեր նախաձեռնել ու իրականացնել, ավելի ագրեսիվ տնտեսական քաղաքականություն վարել` նշել է Խաչատրյանը: Նա համոզված է` նպատակային թիրախավորված տնտեսական քաղաքականության շնորհիվ հնարավոր կլինի չեզոքացնել պատերազմի վնասները:

«Պետք է զարկ տալ արդյունաբերության ու հատկապես ռազմական արդյունաբերության զարգացմանը: Անհրաժեշտություն կա սփյուռքի տնտեսական ներուժն ավելի արդյունավետ օգտագործելու: Իսկ արտահանումը խթանելու համար պետք է մեր արտադրանքը մրցունակ լինի»,- ասել է տնտեսագետը:

Հատկանշական է, որ օրեր առաջ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հավաստիացրել էր, որ Հայաստանի տնտեսությունը որևէ վնաս չի կրելու քառօրյա պատերազմից, և բոլոր զարգացումները լինելու են ծրագրվածի համաձայն:

Այդուհանդերձ, ոչ բոլոր խաղադրույքներն են իշխանությունների օգտին, մասնավորապես, տնտեսության համար բացասական հետևանքներ կլինեն, եթե կառավարությունը հետևի հանրության պահանջին ու ավելացնի ռազմական ծախսերը, որպեսզի շատ հետ չմնա Ադրբեջանից սպառազինության մրցավազքում:

«Ռազմական ծախսերի մեծացումը պետք է լինի մյուս ոլորտների ծախսերի կրճատման հաշվին, ու եթե հաշվի առնենք, որ սպառազինության համալրումը պետք է տեղի ունենա արտաքին շուկայից, այսինքն` ֆինանսական միջոցները դուրս են գալու երկրից, ապա զուտ տնտեսական իմաստով վնաս կլինի Հայաստանի համար, բայց անվտանգության տեսանկյունից կարող է արդարացված լինել»,- ասել է Խաչատրյանը:

Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանի գնահատմամբ` ռազմական ծախսերի մեծացումը 1990-ականների սկզբի սխալների կրկնություն կարող է լինել:

«Այսօր էլ առաջարկ եղավ ռազմական ծախսերը ավելացված արժեքի հարկից ազատել: Սա նշանակում է քողարկված ձևով մեծացնել ռազմական ծախսերը: Սրա միջով էլ ենք անցել, չեք պատկերացնի, թե ինչքան ջանք է թափվել կրթության ու սոցիալական ծախսերի մեծացման համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է տնտեսագետը:
«Ինչքան հույզերն ու պոպուլիզմը առաջ տանեք, այդքան նպաստելու եք ալան-թալանին: Կառավարման արդյունավետությունը բարձրացնելը չի նշանակում ռազմականացնել երկիրը: Առաջնագծում կռվողին պետք է հզոր տնտեսական ու սոցիալական թիկունք, որը այսօրվա իշխանավորներին նվազ է հուզել»,- հավելել է նա: