Բոյկոտի կոչ. ակտիվիստները պահանջում են արգելել թուրքական ապրանքների ներմուծումը

Photo: Photolure

Ոչ միայն Հայաստանում բնակվող, այլև ողջ աշխարհի հայերը պետք է հրաժարվեն թուրքական ապրանքներ գնելուց, քանի որ այդկերպ սատարում են ահաբեկչությունն ու այն զենքերի արտադրությունը, որը նաև հայերի դեմ է կիրառվում` համոզված են «Բողոքի ակցիա՝ ընդդեմ թուրքական ապրանքի» նախաձեռնության կազմակերպիչները, որոնք այսօր` հինգշաբթի, բողոքի ակցիա են կազմակերպում Հայաստանի կառավարության շենքի դիմաց` կառավարությունից պահանջելով արգելել թուրքական ապրանքների ներմուծումը, իսկ քաղաքացիներին կոչ անելով դադարեցնել դրանց սպառումը:

Photo: Photolure
Photo: Photolure

«Մենք չենք կարող վստահ լինել, որ թուրքական սննդամթերքով մեր հանդեպ բակտերիոլոգիական զենք չի կիրառվում։ Սա շատ կարևոր, անվտանգության հարց է, որին պետք է պետականորեն անդրադառնալ»,- չորեքշաբթի հայտարարել է «Հանուն օրենքի» նախաձեռնության անդամ Ծովինար Կոստանյանը՝ հավելելով, որ կառավարությանը ներկայացված իրենց պահանջների մեջ է մտնում նաև ճկուն մաքսային քաղաքականության և ուղիների մշակումը՝ այլ երկրներից ապրանք ներմուծելու հետ կապված:

Նախաձեռնության անդամներին, մասնավորապես, անհանգստացնում է այն հանգամանքը, որ վերջին տարիներին թուրքական ապրանքների ներկրումն ավելացել է. եթե 1991-2008 թվականներին ներկրվել էր ընդամենը 700 մլն դոլար արժողությամբ ապրանք, ապա 2008-2014-ին` 1,5 մլրդ դոլար, այսինքն` կրկնակի ավելի: Ընդ որում, ինչպես նշել է ակցիայի կազմակերպիչ Արման Ղուկասյանը, այս թվերը պաշտոնական վիճակագրության տվյալներն են, մինչդեռ իրականում ներմուծվող ապրանքները կարող են ավելի շատ լինել:

«Թուրքական ապրանքների ներմուծման դեմ պայքարը միշտ եղել է, բայց քառօրյա պատերազմից հետո այս խնդիրն օրակարգային դարձավ: Այս նախաձեռնությամբ փորձելու ենք ամեն ինչ անել, որ հաջողության հասնենք: Պետք է հաշվի առնենք, որ սրանով մենք խոսում ենք ազգային անվտանգության և արժանապատվության մասին»,- ասել է Ղուկասյանը:

Photo: Photolure
Photo: Photolure

Ըստ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի` թուրքական ապրանքներից հրաժարվելը կարող է օգնել հայկական արտադրությունների մեծացմանը, ինչպես նաև նվազեցնել ահաբեկչության հովանավորությունն աշխարհում, քանի որ Թուրքիան հենց դրանով է զբաղվում:

«Մեր հայրենակիցներից շատերը արտագնա սեզոնային աշխատանքի են գնում, մեծ չարչարանքներով գումար ուղարկում այստեղ իրենց հարազատներին, որոնք էլ թուրքական ապրանքներ գնելով` ֆինանսավորում են թուրքական ռազմարդյունաբերական համալիրը»,- ասել է տնտեսագետը:

Բերելով Ռուսաստանի` որպես մի երկրի օրինակ, որը շատ մեծ կախվածություն ուներ Թուրքիայից, Մանասերյանը նշել է, որ բարոյական շարժառիթն օգտագործելով` Ռուսաստանը կարողացել է խզել իր տնտեսական հարաբերությունները Թուրքիայի հետ և սկսել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ: Նա հավելել է, որ նույնը կարող է անել և Հայաստանը:

Տնտեսագետը մատնանշել է, որ պայքարի արդյունավետության համար պետք է դրան աջակցեն թե՛ պետությունը, թե՛ մասնավոր հատվածը, թե՛ քաղաքացիական հանրությունը, իսկ նշվածներից անգամ մեկի թերանալու դեպքում հաջողության հասնել հնարավոր չէ:

«Խեղճացած տեսք չպետք է ընդունել և ասել, թե այդ մարդիկ ինչ պետք է անեն: Մենք անկախ, ինքնիշխան պետություն ենք, և այդ մարդկանց համար աշխատատեղ ստեղծելը համար մեկ խնդիրը պետք է լինի մեր երկրի համար: Մեր երկիրը պետք է խրախուսի ինքնազբաղվածությունը, չհարկի միկրոբիզնեսը, որի մասին ես վաղուց դիմել եմ կառավարությանը: Իրականում պետք է կյանքի կոչվի ներմուծման փոխարինման քաղաքականությունը, այսինքն՝ այն, ինչ ներմուծվում է, ամոթ է, որ մենք չենք արտադրում»:

Հայաստանում նախկինում նույնպես ակտիվիստների մակարդակով հնչել են թուրքական ապրանքները, ինչպես նաև հանգստավայրերը` որպես զբոսաշրջային ուղղություններ բոյկոտելու կոչեր, ինչպես նաև համացանցում տեսանյութեր են տեղադրվել, թե ինչպես թուրքական հագուստի  համար վճարված գումարը, ի վերջո, դառնում է փամփուշտ, որը Ադրբեջանի հետ սահմանին սպանում է հայ զինվորին: Թուրքիայի հետ տնտեսական փոխհարաբերություններում ներգրավված բազմաթիվ հայերին, ինչպես նաև թուրքական ապրանքների շարքային սպառողներին կարծես համոզիչ չի թվում Թուրքիայից ներկրվող հագուստից և այլ առարկաներից հրաժարվելու կոչերը, որոնք  համեմատաբար լավ որակի և ցածր գների համադրությամբ համարվում են շահեկան տարբերակ:

Թուրքական ապրանքների ներմուծման հնարավոր արգելքի հետևանքները միկրո- և մակրոտնտեսական մակարդակներում, ինչպես նաև Հայաստանում տարբեր սոցիալական խմբերի վրա դրա հնարավոր ազդեցությունը դեռևս համակողմանի չի ոսումնասիրվել: