
Ռուսաստանում կարծում են` Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման տնտեսական հիմք չկա: Այս մասին օրերս հայտարարել է «Ռոսատոմ» ընկերության առաջին փոխնախագահ Կիրիլ Կոմարովը` նշելով, որ հայկական նոր ատոմակայանի շինարարությունից կարելի է խոսել միայն համապատասխան հաշվարկների ու հիմնավորումների առկայության պարագայում:
Երկու տարի առաջ Հայաստանի կառավարությունը որոշել էր երկարաձգել Մեծամորում գտնվող ատոմակայանի շահագործման ժամկետը` այն վերանորոգելու միջոցով, ինչի համար էլ Ռուսաստանից 270 մլն դոլար վարկ և 30 մլն դոլար դրամաշնորհ էր ստացել: Նախատեսված է դրանից հետո ատոմակայանն աշխատեցնել մինչև 2027 թվականը:
Ըստ էներգետիկայի ու բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանի` ատոմակայանի վերանորոգման աշխատանքներից շեղում չկա, ավարտվել է կայանի հետազոտման փուլը, առջևում սարքավորումների վերանորոգումն է ու փոխարինումը:
Մինչ այդ Հայաստանի իշխանությունները մտադիր են ֆինանսավորում գտնել նոր ատոմակայան կառուցելու համար, անցյալ տարվա տվյալներով` 1060 ՄՎտ-ոց կայանի համար` մոտ 5,5 մլրդ դոլար: Ռուսաստանը, կարծես, ֆինանսավորում տրամադրել ցանկացողների առաջին շարքերում չէ:
«Տեխնոլոգիական առումով, այո՛, հնարավոր է Մեծամորի հարթակում ևս մեկ բլոկ կառուցել: Առանցքային հարցն այն է, որ կառուցման համար հարկավոր է ապահովել տնտեսական այնպիսի չափանիշներ, որոնք թույլ կտան արդյունավետ կերպով ծախսերը հետ բերել»,- Երևանում հայտարարել է «Ռոսատոմ» ընկերության առաջին փոխնախագահ Կիրիլ Կոմարովը:
Դրա համար, սակայն, ըստ Կոմարովի, կարևոր է հաշվարկել Հայաստանում էլեկտրաէներգիայի սպառման ծավալը և հարակից երկրներ արտահանման հնարավորությունը:
«Միասին աշխատում ենք այս ուղղությամբ, և եթե տեսնենք, որ նման հնարավորությունների պատուհան է բացվել, հաճույքով կյանքի կկոչենք այդ նախագիծը: Տեղյակ եք, որ այս մասին ստորագրված է միջկառավարական համաձայնագիր, այն շարունակում է գործել, չեղարկված չէ, և երբ հասկանանք, որ նոր ատոմակայանի կառուցման համար տնտեսական հիմքեր կան, իհարկե, կփորձենք այդ նախագիծը կյանքի կոչել»,- ասել է նա։
Այն բանից հետո, երբ Հայաստանի իշխանությունները նոր ատոմակայան կառուցելու իրավունքը վստահել են «Ռոսատոմին», իսկ ընկերությունը հայտնել է, որ կարող է ֆինանսավորել նոր կառույցի շինարարության ընդմանենը 20 տոկոսը, մնացյալը` մոտ 4 մլրդ դոլար, պետք է գտնի Հայաստանը:
«Իսկ ո՞վ կտա Հայաստանին 4 մլրդ դոլար, եթե Հայաստանը կառուցման իրավունքը արդեն տվել է Ռուսաստանին: Հայաստանը հազիվ թե գտնի հիմարներ: Փոխարենն ինքն է հայտնվել հիմար վիճակում»,- գրել է Lragir.am-ի մեկնաբան Հակոբ Բադալյանը:
Ըստ մեկնաբանի` նոր ատոմակայանը Հայաստանի համար ունի ոչ միայն տնտեսական, այլև գործնականում նույնիսկ ռազմաքաղաքական նշանակություն, քանի որ գործող ատոմակայանի շահագործումը չի կարող հավերժ լինել:
«Երբ Կիրիլ Կոմարովը հայտարարում է, թե Հայաստանում չկա ատոմակայանի տնտեսական հիմք, նա ընդամենը ներկայացնում է «Գազպրոմի» շահը: Որովհետև Հայաստանում ատոմակայանի տնտեսական հիմք կա, պարզապես դա նշանակում է, որ Հայաստանում պետք է սահմանափակվի գազով արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալը, ընդ որում` էլեկտրաէներգիայի ամենաթանկ տեսակի ծավալը»,- նշել է Բադալյանը` հավելելով, որ Հայաստանի ներքին շուկան բավական է, որպեսզի ատոմակայանը չունենա էլեկտրաէներգիայի սպառման խնդիր: