Տնտեսագետ. գազի սակագնի իջեցումը տնտեսությանը էական օգուտ չի տա

Photo: Nazik Armenakyan/Armenianow.com

Թեպետ Հայաստանի իշխանությունները համոզված են՝ առաջիկայում գազի ու էլեկտրաէներգիայի գնի իջեցում է լինելու, դեռևս հստակ չէ, որքանով դա դրական կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա:

«Ես ուղղակի համոզված եմ՝ և՛ գազի, և՛ էլեկտրաէներգիայի սակագինը կնվազեցվի», – չորեքշաբթի Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրած գազի սակագնի նվազեցման «Գազպրոմ Արմենիա» ընկերության հայտին:

Վարչապետի փոխանցմամբ՝ գազի գինը բնակչության համար, ենթադրաբար, 1000 խմ-ի դիմաց 156 հազար դրամից կդառնա 146 հազար (համապատասխանաբար 327 դոլարից 306 դոլար): 10 հազար խմ-ից ավելի սպառում ունեցող բաժանորդները՝ հիմնականում տնտեսական գործունեություն ծավալողները, 277 դոլարի փոխարեն, հավանաբար, կվճարեն 257 դոլար: «Թե ինչ արդյունք կունենանք, կքննարկի անկախ հանձնաժողովը»,- նշել է Աբրահամյանը։

Անցած 1,5 տարում ռուսական գազի 1000 խմ-ը Հայաստանին վաճառվում էր 165 դոլարով՝ նախկին 189 դոլարի փոխարեն, ի սկզբանե դա ժամանակավոր նվազեցում էր՝ փոխհատուցելու համար Հայաստանում գազի միակ մատակարար «Գազպրոմ Արմենիայի» կորուստները: Դեռևս անցած տարի հայկական կողմը դիմել էր Ռուսաստանին գազի գնի մշտական նվազեցման առաջարկով:

Ապրիլի 7-ին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հայաստանյան այցի ժամանակ համաձայնագիր է ստորագրվել 1000 խմ գազի գինը 150 դոլար դարձնելու վերաբերյալ։

Գազի գնի իջեցման հաստատվելու դեպքում բնակիչները կկարողանան որոշակի գումար տնտեսել, ինչը տնտեսական ներկա դժվարությունների պարագայում կարևոր է։ Տնտեսված գումարները կարող են ուղղվել ներքին առևտրի ոլորտ, որտեղ, ի տարբերություն տնտեսության շատ այլ ոլորտների, անցած տարվանից մշտապես բացասական ցուցանիշներ են գրանցվում։

Ավելին, սակայն, փորձագետները չեն սպասում։ Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը թերահավատ է, որ գազի գնի նվազեցումը կարող է նպաստել Հայաստանում տնտեսական դրական զարգացումների։

«Այն ընկերությունների համար, որոնք իրենց արտադրանքի ստեղծման մեջ շատ են գազ սպառում, որոշ առավելություն կլինի, բայց դա որևէ մեծ, էական ազդեցություն մեր ընկերությունների գործունեության վրա չի թողնելու։ Ընդհանուր առմամբ դա կարող է թեթևացնել նրանց ծախսերը»,- «ԱրմենիաՆաուին» ասել է Խաչատրյանը։

Ըստ տնտեսագետի՝ գնի նվազեցումը չի կարող մեծ ազդեցություն ունենալ նաև արտահանման ուղղված արտադրությունների համար, քանի որ դրանց արտադրանքի վերջնական արժեքում զգալի տեղ է զբաղեցնում ճանապարհածախսը։

Խաչատրյանը գազի գնի նվազմամբ պայմանավորված գնանկում նույնպես չի սպասում․

«Ոչ թե գին կիջեցնեն, այլ ընդամենը իրենց շահույթը կբարելավեն։ Նման քաղաքականություն կվարեն։ Այս դեպքում արտադրողները կփորձեն իրենց տնտեսական վիճակը բարելավել, քան թե ազգաբնակչության մասին կմտածեն ու, ասենք, միանգամից գները կիջեցնեն։ Դա, ավելի շուտ, կդիտարկեն որպես իրենց ծախսերը նվազեցնելու հնարավորություն»։