
Ապրիլյան պատերազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում Հայաստանի տնտեսության վրա դեռևս բացասական ազդեցություն չեն ունեցել, նման ազդեցություն չեն բացահայտել Համաշխարհային բանկի դիտարկումները` հինգշաբթի` ապրիլի 28-ին, հայտարարել է ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին։
«Համաշխարհային փորձը ցույց է տվել, որ նմանատիպ իրավիճակների երկարաձգման դեպքում դա ազդում է վստահության մթնոլորտի վրա, որն էլ, իր հերթին, բացասական ազդեցություն է ունենում օտարերկրյա ուղղակի ներդրումների առումով։ Սա այն ուղղությունն է, որը մենք մոնիթորինգի ենք ենթարկելու։ Սակայն այդպիսի ազդեցություն առայժմ չենք նկատում»,- ասել է ՀԲ գրասենյակի ղեկավարը։
Բեյլին տեղեկացրել է, որ իրենք, ըստ այդմ, դեռևս չեն վերանայել նախկինում հրապարակած 1,9-2 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը 2016-ի համար:
Հատկանշական է, որ ՀԲ դիրքորոշումը համընկնում է Հայաստանի իշխանությունների դիրքորոշմանը: Դեռևս ապրիլի սկզբին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նույնպես հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրացումը բացասաբար չի ազդի Հայաստանի տնտեսական աճի վրա:
Կառավարությունն այս տարվա համար նախանշել է 2,2 տոկոսանոց աճ:
Մինասյանը նշել է, որ ապրիլի սկզբին ղարաբաղյան առաջնագծում ծավալված ռազմական գործողությունները մարտահրավեր են Հայաստանի տնտեսության համար, որն իրենք պատրաստ են հաղթահարելու:
«Առանց տնտեսական առաջընթացի և համախմբվածության անհնար է երաշխավորել երկրի լիարժեք անվտանգությունը, հետևաբար, շատ կարևոր է ջանքերն ուղղել տնտեսական առաջմղման և ներդրումներ ներգրավելու ուղղությամբ»,- ասել է փետրվարին իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության հետ քաղաքական համագործակցության համաձայնագիր ստորագրած Հայ հեղափոխական դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության անդամ Մինասյանը:
«Մենք պետք է կրկնակի, եռակի շատ ջանքեր գործադրենք` ներդրումներ ներգրավելու և առևտրաշրջանառությունը պատշաճ մակարդակի հասցնելու համար»,- հավելել է նախարարը, տեղեկացնելով, որ դրա համար նախատեսում են «Օտարերկրյա ներդրողների մասին» օրենքում փոփոխություններ կատարել, ինչի շնորհիվ հնարավոր կլինի ներդրողների իրավունքների լիակատար պաշտպանությունը:
Սակայն, ի տարբերություն, ՀԲ-ի ու Հայաստանի իշխանությունների, հայաստանյան փորձագետները վստահ չեն, որ պատերազմն անհետևանք է անցնելու երկրի տնտեսության համար, առավել ևս, որ դրա վտանգներն ավելանում են արդեն առկա խնդիրներին, որոնք խոչընդոտում են ներդրումների հոսքը Հայաստան:
Տնտեսագետ, ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանն ավելի վաղ «ԱրմենիաՆաուին» ասել էր, որ զուտ տնտեսագիտական տեսանկյունից Հայաստանը ներդրումների համար նպաստավոր երկիր չէ.
«Մենք փաստացի պատերազմող երկիր ենք, հարկային համակարգը բարենպաստ չէ, կա կոռուպցիա, բիզնես ոլորտը նպաստավոր չէ, առկա է հովանավորչություն: Ու քանի դեռ այս ամենը չի փոխվել, նոր, մեծածավալ ներդրումների ակնկալիքի մասին չենք կարող խոսել»:
Վահագն Խաչատրյանի հետ համակարծիք է նաև տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը: Ըստ փորձագետի` Հայաստանի տնտեսությունն ուղղակիորեն և անուղղակիորեն բացասական հետևանքներ է կրելու ղարաբաղյան քառօրյա պատերազմից:
«Անուղղակի մեր կրած վնասները պատերազմից ավելի մեծ կարող են լինել, քան ուղղակի»,- օրերս հայտարարել է նա: