Տնտեսագետ. թուրքական ապրանքների ներմուծման արգելքը Հայաստանի համար ավելի շատ բացասական ազդեցություն կունենա

Vilen Khachatryan (Photo: Photolure)

Մինչ Հայաստանի կառավարությունը, անսալով հասարակության որոշ հատվածի պահանջին, ուսումնասիրություններ է իրականացնում` հաշվելու համար թուրքական ապրանքներից հրաժարվելու օգուտներն ու վնասները երկրի համար, հայաստանցի որոշ փորձագետներ արդեն իսկ ներկայացնում են իրենց հաշվարկները:

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը, օրինակ, կարծում է` թուրքական ապրանքներից հրաժարվելու դեպքում Հայաստանի տնտեսության համար բացասական հետևանքները կգերակշռեն: Ներմուծման ծավալներով Թուրքիան Հայաստանի 5-րդ գործընկերն է, ներմուծվում են հիմնականում սննդամթերք ու հագուստ, ընդհանուր առմամբ՝ 700 անուն ապրանքներ: Արտահանումը դեպի հարևան երկիր ավելի քիչ է, բայց առկա է:

«Ներմուծման լավագույն տարին եղել է 2011 թվականը՝ 240 մլն դոլար արժոությամբ ապրանք. 2015 թվականին ներմուծվել է մոտ 137 մլն դոլար արժողությամբ ապրանք, 2016 թվականի 3 ամիսների ընթացքում՝ 24 մլն: Եթե արտաքին առևտուրն ամբողջությամբ դադարեցնենք Թուրքիայի հետ, այս դեպքում կորցնում են և՛ ներմուծողը, և՛ արտահանողը»,- երկուշաբթի` մայիսի 2-ին, հայտարարել է Խաչատրյանը:

«Բայց կա նաև երկրորդ սցենարը՝ Թուրքիայի հետ առևտրաշրջանառությունը դադարեցնել մասնակիորեն, կարող ենք կա՛մ արտահանումը դադարեցնել, կա՛մ ներմուծումը: Եթե հանկարծ որոշենք Թուրքիայից ներմուծումը դադարեցնել, Թուրքիան էլ միանգամից արտահանումը կդադարեցնի, այսինքն՝ սա որպես սցենար չի աշխատի»,- հավելել է նա:

Հայաստանում թուրքական ապրանքների բոյկոտի կոչերը ժամանակ առ ժամանակ հասարակական լայն հնչեղություն են ստանում, ապրիլին խնդիրը մեկ անգամ ևս արդիական դարձավ ղարաբաղյան հակամարտության լարվածության աննախադեպ աճի ու շուրջ 100 զոհ ունենալու պատճառով: Թուրքական ապրանքներին «ոչ» ասողները համոզված են` դրանք գնողները նպաստում են այդ երկրի գործընկեր Ադրբեջանին զենքով ապահովելուն նաև, որով էլ սպանվում են հայ զինվորները:

«Թուրքիայի ՀՆԱ-ն 2017 թվականին կազմելու է 721 մլրդ ԱՄՆ դոլար: Եթե հիմա մենք այդ 140 միլիոնով նույնիսկ 10 տոկոս շահութաբերություն ենք ապահովում թուրքական ընկերությունների համար, այն կկազմի 14 մլն դոլար, եթե դրանից նույնիսկ շուրջ 30 տոկոս էլ հարկ վճարեն, ապա այդ ամբողջ գումարներից նույնիսկ 5 մլն դոլար թուրքական բյուջե գումար չի մտնում: Հետևաբար, այն վարկածը, որ այդ միջոցների հաշվին Թուրքիան կարող է ֆինանսավորել Ադրբեջանի թեկուզ մի չնչին մասի, որ կարող է կրակել Հայաստանի վրա, սուտ է»,- ասել է Վիլեն Խաչատրյանը:

Անցյալ շաբաթ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է, որ իր ղեկավարած գերատեսչությունն ուսումնասիրում է խնդիրը` առաջին հերթին այն ապրանքների մասով, որոնք կարող են սպառնալ ազգային տնտեսությանը՝ որակի ու մրցակցության տեսանկյունից:

«Նախնական ուսումնասիրությունների համաձայն` առանձնացրել ենք երկու հանգամանք: Մենք Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ ենք, որի անդամ է նաև Թուրքիան: Հայաստանի անդամակցության ժամանակ Թուրքիան կատարել է վերապահում` Մարաքեշի համաձայնագրի շրջանակներում, որով, ըստ էության, չի հարաբերվելու Հայաստանի հետ` իբրև ԱՀԿ անդամ, ինչը նշանակում է, որ Հայաստանը լիովին իրավունք ունի այդ ուղղությամբ կիրառելու բոլոր այն գործիքները, որոնք կպաշտպանեն մեր տնտեսական կարգը»,- նշել է Մինասյանը` խոստանալով առաջիկայում ներկայացնել ուսումնասիրությունների արդյունքների ամբողջական փաթեթ:

«Խնդիրն այն է, որ մեր գործողությունները պետք է ճշգրիտ հաշվարկվեն, որ սոցիալական ռիսկեր չառաջանան»,- հավելել է նախարարը: