Գազի և էլեկտրաէներգիայի վերանայում. ՀԾԿՀ-ն ակնկալում է նվազեցնել սակագները

Photo: Media Center

Վերջերս «Գազպրոմ Արմենիայի» կողմից գազի սակագնի վերանայման հայտը ներկայացնելուց հետո նաև հայտնի դարձավ, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) մտադրություն է հայտնել վերանայելու նաև էլեկտրաէներգիայի սակագինը:

Նախատեսվում է մեկ ամսվա ընթացքում մինչև 10 հազար խորանարդ մետր սպառողների համար 1 խորանարդ մետր գազի գինը նվազեցնել 156 դրամից մինչև 146,7 դրամ, իսկ խոշոր սպառողների համար` 276,98 դոլարից 257,56 դոլարին համարժեք դրամ:

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության վերջին նիստում ասել է, որ սպասվում է ոչ միայն գազի, այլև էլեկտրաէներգիայի սակագների իջեցում:

«Մեր հետազոտություններում եկել ենք այն եզրակացության, որ այսօր էլեկտրաէներգիայի և գազի սակագինը հաշվարկվում է հին սովետական պլանային տնտեսության տրամաբանությամբ, իսկ թե որքան կնվազի՝ կոնկրետ թիվ չեմ կարող նշել, քանի որ հիմա զբաղված ենք նոր հաշվարկներ կատարելով»,- ուրբաթ լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Նրա խոսքով՝  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացրած առաջարկությունը, ըստ որի էլեկտրաէներգիայի սակագինը կարող է որոշակիորեն նվազել, կարող է չբավարարել հանրությանը:

«Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ գազի համար կարող ենք վճարել 100 դրամ` 156-ի փոխարեն և դրանից ելնելով պետք է չափել էլեկտրաէներգիայի սակագինը»,- նշեց նա:

«Հայրենական ապրանքարտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանն էլ պնդեց, որ ՀԾԿՀ-ն որոշում է կայացրել էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնել, հիմք ընդունելով այն, որ առաջին երեք ամիսներին, ջրառատ տարի լինելով, հէկերը 28 տոկոսով ավելի էլեկտրաէներգիա են արտադրել:

«Անցյալ տարի ատոմակայանը 13,1 տոկոսով ավելի շատ էլեկտրաէներգիա է արտադրել, հիդրոէլեկտրակայանները` 10,7 տոկոսով, և, բնականաբար, փոփոխություններ պետք է տեղի ունենային: Խնդիրն այն է, թե որքա՛ն է այն կազմելու, և ինչքա՛ն կբավարարի արդյունաբերությանը և բնակչությանը»,- նկատեց նա:

Տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանն էլ կարծում է, որ բաց է մնացել մի կարևոր խնդիր. «Հիմա քննարկում ենք գործող սակագինը բարձրացնել-իջեցնելու հարցը, բայց պետք է նայել, թե այդ սակագինը որքանո՞վ է իրականությանը համապատասխանում»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ անցյալ ամառ Երևանում բազմահազար մարդիկ փողոց էին դուրս եկել նույն կառույցի այն որոշման դեմ, ըստ որի էլեկտրաէներգիայի սակագինը 7 դրամով բարձրացել էր: