ԱՎԾ ներկայացուցիչ. Հայաստանում հունվար-ապրիլին գների էական փոփոխություն չի արձանագրվել

Photo: Photolure

Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը, ամփոփելով տարեսկզբին սպառողական շուկայում եղած գնային փոփոխությունները, նշեց, որ Հայաստանի սպառողական շուկայում տարեսկզբին արձանագրված բարձր գնաճից հետո գնանկման միտումներ են ի հայտ եկել, ինչի արդյունքում գների ընդանուր մակարդակը դեկտեմբերի համեմատությամբ էական փոփոխություն չի կրել:

«2016 թվականի հունվարին սպառողական շուկայում արձանագրվեց էական բարձր գնաճ` 2,2 տոկոս, այնուհետև հաջորդ երեք ամիսներին արձանագրվել է գնանկում: Մասնավորապես վերջին երեք ամիսներին արձանգրված գնանկումը կազմել է 2,1 տոկոս»,- երեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանը նշեց նա:

Նրա խոսքով` առավել բարձր գնանկում է արձանագրվել Հրազդանում, ամենացածրը` Գյումրիում և Վանաձորում, Երևանում գնանկումը կազմել 0,2 տոկոս:

«Առավել բարձր գնաճ արձանագրվել է մրգերի դեպքում` 4,7 տոկոս: Հացամթերքում գրանցվել է 0,1 տոկոս գնաճ, մսամթերքի գները աճել են 0,3 տոկոսով, հրուշակեղենինը` 0,2 տոկոսով:

Բանջարեղենում գնանկում է արձանագրվել 4,3 տոկոս, կաթնամթերքի գները նվազել են 1 տոկոսով, իսկ ձվինը` 2,6»,- ներկայացրեց ԱՎԾ ներկայացուցիչը:

Հարկ է նշել, որ 2016 թվականի պետական բյուջեում գնաճի մակարդակը նախատեսված է 4% (±1,5%):