
Պանամյան փաստաթղթերում հայտնաբերված Հայաստանի մյուս քաղաքացիների անունների հրապարակումը քննարկումների հերթական ալիքն է բարձրացրել լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում, որոնց գերակշիռ մասը շեշտադրում է գումարների արտահոսքի բացասական ազդեցությունը երկրի տնտեսության վրա:
Հարկերից խուսափելու համար միջոցները Հայաստանից օֆշորներ տեղափոխելը նախ և առաջ նվազեցնում է երկրի բյուջետային հոսքերը` նշում են փորձագետները, անկախ նրանից` ում են պատկանում այդ գումարերը:
Պանամյան օֆշորներում գրանցված ավելի քան 200 հազար ընկերություններին վերաբերող միջազգային հետաքննության շրջանակներում հրապարակված փաստաթղթերին Հայաստանի արդեն նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի առնչության վերաբերյալ «Հետքի» հրապարակած հոդվածներից հետո նա հրաժարական է ներկայացրել, որից հետո Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քրեական գործ է հարուցվել ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հատկանիշներով:
Պողոսյանից բացի, այդ փաստաթղթերում եղել են Հայաստանի 37 այլ քաղաքացիների անուններ` գիտնականներ, իրավաբաններ, անգամ քրեական հեղինակությունների ազգականներ, որոնց անուններով ընկերություններ են գրանցվել Բահամյան և Բրիտանական Վիրջինյան կղզիներում, Պանամայում կամ օֆշորային այլ գոտիներում։
Նրանց մեծ մասը, ֆինանսները օֆշոր տեղափոխելով, թաքցնում են իրենց ինքնությունը և/կամ խուսափում են հարկերից` կարծում է տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը:
«Եթե անձը թաքցնելը մեզ համար նշանակություն շատ չունի, ապա եկամուտները թաքցնելը ուղղակիորեն կապված է մեր պետական բյուջեի համալրման հետ: Այսինքն այն գումարները, որոնք կորչում են օֆշորներում, դրանք պիտի հավաքագրվեին մեր պետական բյուջե»,- «Ազատություն» ռադիոկայանին ասել է մեկնաբանը:
Գևորգյանի խոսքերն են լրացնում «Հետք» պարբերականին Հայաստանի Կենտրոնական բանկի տրամադրած տվյալներն առ այն, որ վերջին 5 տարվա ընթացքում մոտ 1,8 մլն դոլար է փոխանցվել Պանամա, մինչդեռ դրանից 7 անգամ պակաս՝ մոտ 244 հազար դոլար փոխանցվել է հակառակ ուղղությամբ՝ Պանամայից Հայաստան։
Մեկնաբանը, սակայն, համոզված է` սա իրական գումարների չնչին մասն է միայն.
«Ամբողջ գումարը, որ կորչում է օֆշորներում, կատարվում է այլ սխեմաներով ապրանքների մատակարարման շղթայում գտնվող այդ օֆշորային կազմակերպությունների մեջ, որոնք իրենց վրա վերցնում-կուտակում են այդ ամբողջ շահույթը այդ ապրանքի կամ ծառայության մատակարարման ու կորչում են: Շահութահարկ օֆշորում չի վճարվում: Ըստ որոշ վերլուծությունների` մի քանի տարվա մեջ Հայաստանից տասը միլիարդ դոլար փող էր կորել: Դրա մեծագույն մասը հենց տարվել էր այդ պարզունակ սխեմաների միջոցով»:
Պանամյան փաստաթղթերում առկա Հայաստանի մյուս քաղաքացիների վերաբերյալ իշխանությունները նույնպես ուսումնասիրություններ կանցկացնեն` երեքշաբթի լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` հորդորելով շտապողականություն չցուցաբերել.
«Դուք արդեն տեսնում եք, որ կան արձագանքներ, եթե կան անուններ, այդ անունների շրջանակներում կկատարվեն ուսումնասիրություններ։ Ենթադրություններ պետք չի անել»: