ԱԺ ընդունած օրինագծով Հրազդանի ցեմենտի գործարանն ազատվել է հարկերի գծով առաջացած տույժերից

Այս շաբաթ Ազգային ժողովը 86 կողմ, 8 դեմ և 9 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հրազդանի ցեմենտի գործարանը հարկային պարտավորությունների չկատարումից առաջացած պարտքից ազատելու մասին օրինագիծը, որը մի քանի շաբաթ առաջ մերժվել էր հերթական քառօրյայի ընթացքում: Ընդունված օրինագծով գործարանն ազատվում է 510 միլիոն հարկային պարտավորություններից:

Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի դիտարկումների համաձայն՝ այս որոշմամբ կառավարությունն ընդառաջ է գնացել գործարանի միակ բաժնետեր «ՎՏԲ բանկի» առաջարկին, այն է՝ գործարանը վերագործակցելու, զինելու և հետագա գործունեությունը կազմակերպելու նպատակով գործարանին ազատել հարկերի գծով առաջացած տույժերից:

«Երբեմն մամուլում սխալ են ներկայացնում, թե գործարանին փորձում են ազատել հարկերից, այնինչ` գործարանն ազատվում է հարկերի ուշացման համար նախատեսված տույժերից: Որևէ այլ արտոնություն այս նախագծով նախատեսված չէ, սա հնարավորություն է, որ գործարանը չլիկվիդացվի, պահպանվեն 450 աշխատատեղերը»,- խորհրդարանի ամբիոնից հայտարարել է նախարար Մինասյանը:

«Հրազդան-ցեմենտ» գործարանի նախկին սեփականատերը հայտնի գործարար Միխայիլ Բաղդասարովն էր, որը ձեռնարկությունը գրավադրել էր նախկինում իրեն պատկանող «ՎՏԲ-Հայաստան» բանկում, որին էլ անցել է ընկերության սեփականատիրության իրավունքը՝ պարտքերի դիմաց:

Ավելի վաղ օրինագծի շուրջ քննարկումների ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարել էր, որ տույժերը պետք է վճարի Միխայիլ Բաղդասարովը:

«Բաղդասարովը 2003-ին սեփականաշնորհում է «Խնայբանկը», 2 տարի հետո ծախում է այդ նույն «Խնայբանկը» 30 մլն դոլարով ՎՏԲ-ին: Լինելով ՎՏԲ-ի պրեզիդենտը` ինքը իրան վարկ է տալիս ու հետ չի վճարում այդ վարկը: Հիմա դուք էլ պարտակում եք այդ հանցագործությունը,- ասել էր Բագրատյանը: – Կենտրոնական բանկի երկու նախագահներն էլ իմացել են, որ նման վարկ չի կարելի տալ, ու փոխանակ այդքանից հետո պարտքերը, տույժերը թողնեն Բաղդասարովի վրա՝ պետությունն իր վրա է վերցնում դա»:

Անդրադառնալով Միխայիլ Բաղդասարովի գործունեությանը` քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը lragir.am-ում գրում է «Իրավիճակն իսկապես հետաքրքիր է, քանի որ «Հրազդան-ցեմենտը» Բաղդասարովի միակ սնանկացած սեփականությունը չէ: Այդպիսին էր նաև մոնոպոլ դիրք զբաղեցնող ազգային ավիափոխադրող «Արմավիան»: Սնանկանում է մոնոպոլ դիրք ունեցող ընկերությունը:

Եվ դրա համար որևէ մեկը չի ենթարկվում պատասխանատվության, իսկ ռիսկերն ու հետևանքները փաստացի մնում են պետության վրա: Նույնը կատարվում է «Հրազդան-ցեմենտի» պարագայում: Հարց է առաջանում, թե Հայաստանում էլ ի՛նչ է սնանկացրել և հետևանքը պետության, այսինքն` հարկատուների վրա թողել Միկա Բաղդասարովը, ով մի ժամանակաշրջանում հանդիսանում էր Սերժ Սարգսյանի մերձավոր օլիգարխը»:

Հիշեցնենք, որ օրինագծի ապրիլյան քվեարկության ժամանակ դեմ էր քվեարկել հանրապետական պատգամավոր Կարեն Կարապետյանը, նշելով, որ երկիրն այսօր պատերազմի մեջ է, և պետությունը պարտավոր չէ պարբերաբար վճարել առանձին «գաստրոլյորների» փոխարեն:

«Կարծում եմ՝ ոչ թե պետությունը պետք է զիջի, այլ մեր հասարակությունը պետք է որոշի՝ ինչպե՞ս վարվել նման դեպքերում նման անձանց հետ: Իսկ դրա համար այդ մարդիկ պարտավոր են գալ ու հաշիվ տալ, վճարել իրենց արածների համար: Եվ վերջապես՝ բավական է, մենք պիտի կարողանանք դասեր քաղել ապրիլյան իրադարձություններից: Խելքի է պետք գալ, հակառակ դեպքում հաստատ խելքի եկողներ կլինեն: Բավական է այլոց երեխաների արյան հաշվին, մեր քաղաքացիների հաշվին կառուցել սեփական երջանկությունը: Հարկավոր է ուղղակի կանգ առնել»,-ասել էր Կարապետյանը: