Հարկային օրենսգրքի քննարկում. գործարարները ցանկանում են նոր օրենսդրությամբ լուծվի «երկարաժամկետ կանխատեսելիության» հարցը

Photo: Photolure

Հայաստանի իշխանությունների նախաձեռնած նոր Հարկային օրենսգիրքը նպաստելու է հարկահավաքության ոլորտում թափանցիկության ավելացմանը, ավելի կանխատեսելի է դարձնելու դաշտն ու նվազեցնելու է կոռուպցիոն ռիսկերը` համոզված են օրենսգրքի մշակմանը մասնակցողներն ու միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Այդուհանդերձ, նույնիսկ այս օրենսգիրքը բազմաթիվ խնդիրներ չի լուծելու, մինչդեռ շատ հարցեր հնարավոր է լուծել անգամ առանց օրենսդրական փոփոխությունների` կարծում են օրենսգրքի վերաբերյալ քննարկումների մասնակիցները:

«Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիա» ՀԿ նախագահ, Հարկային խորհրդի անդամ Վահագն Համբարձումյանը նոր օրենսգիրքը կարևորում է, քանի որ այն հարկային բոլոր իրավակարգավորումները համակարգելու է մեկ փաստաթղթերում:

«Փաստաթուղթը մեկ փաթեթով ներկայացնում է այն խաղի կանոնները, որը պետությունը սահմանում է հարկ վճարողների հետ հարաբերություններում: Նման փաստաթղթի պահանջ կար արդեն երկար ժամանակ»,- չորեքշաբթի Տնտեսական լրագրողների ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասել է Համբարձումյանը:

Հարկային խորհրդի անդամի համոզմամբ` նոր օրենսգիրքը սուբյեկտիվությունը հանում է հարաբերություններից, փոփոխություններով ամբողջապես անցում է կատարվում հարկերի գանձման/վճարման էլեկտրոնային համակարգի. «Այսինքն` հարկ վճարողի շփումը հարկային մարմնի աշխատողի հետ հավասարվում է զրոյի: Մենք միշտ էլ դրել ենք խնդիր՝ էնպես անել, որ բիզնեսմենը հարկային տեսուչին նույնիսկ չճանաչի»:

Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Տերեսա Դաբան Սանչեսը համոզված է` նոր Հարկային օրենսգիրքը, որ ենթադրում է պետության և տնտեսավարող սուբյեկտների միջև իրավական հարաբերությունների համալիր բարեփոխումների իրականացում, խիստ կարևոր է Հայաստանի տնտեսության հետագա զարգացման համար:

«Հայաստանի անկախացումից ի վեր հարկային դաշտի կարգավորման բազում օրենսդրական ակտեր են շրջանառության մեջ մտել` ինչպես կառավարության որոշումների, այնպես էլ այլ նախաձեռնությունների տեսքով: Արդյունքում, երբեմն, այս օրենսդրական ակտերի միջև էական տարբերություններ ու հակասություններ են ի հայտ գալիս, որոնք խնդիրներ էին առաջացնում տնտեսավարողների համար: Դրանց ներդաշնակեցման անհրաժեշտությունից էր բխում նոր Հարկային օրենսգրքի մշակումը»,- քննարկմանը նշել է Սանչեսը:

«Նոր օրենսդրական նախաձեռնությունը ոչ միայն պետք է բավարարի հարկային քաղաքականության արդյունավետության բարձրացումը, այլև այն դարձնի առավել թափանցիկ ու կանխատեսելի` համապատասխանեցնելով համակարգը միջազգային չափանիշներին, ինչը, առաջին հերթին, կնպաստի բիզնեսի զարգացմանը»,- շեշտել է նա:

Ըստ Սանչեսի` նոր օրենսգիրքը, ուժի մեջ մտնելու դեպքում, մի քանի կարևոր խնդիր կլուծի՝ հարկահավաքության ընդլայնում, ինչը հնարավորություն կտա պետական բյուջեին առավել մեծ ծախսեր նախատեսելու, թափանցիկություն, հարկային դաշտի` միջազգային ստանդարտների համապատասխանեցում և դաշտի կանխատեսելիություն, ինչը մեծապես կազդի ներդրումների ավելացմանը:

«Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ նախագահ Փայլակ Թադևոսյանը, սակայն, կարևորում է նախ օրենսգրքի թույլ կողմերի քննարկումը: Նա համոզված չէ, որ նոր օրենսգիրքը երաշխավորելու է փոփոխությունների հետագա բացակայությունը, քանի որ դրանց չգնալու համար միայն ցանկությունն էլ բավական կլիներ, առանց անգամ նոր Հարկային օրենսգրքի ընդունման:

Մյուս խնդիրը, ըստ Թադևոսյանի, կանխատեսելիության հարցն է. «Օրենսգրքի հիմնավորման մեջ գրված է, որ այն կապահովի երկարաժամկետ կանխատեսելիություն հարկ վճարողների համար, սակայն այդ կայունությունը պահպանելու համար որևէ երաշխիքներ չկան, կան միայն խոստումներ»:

«Բիզնեսմենը, որ ներդրում է կատարում, պիտի համոզված լինի, որ դրույքաչափը, հարկման բազան, վարչարարության գործիքները երկարաժամկետ չեն փոխվելու: Եթե ինքը գալիս է 10 տարվա ներդրում է կատարում, 2 տարի հետո բազա է փոխվում, որևէ տարբերություն չկա: Որոշ կազմակերպությունների դեպքում այդ շահութահարկը կարող է դառնալ ոչ թե 20 տոկոս, այլ` 29»,- հավելել է նա:

Անցյալ տարվա հոկտեմբերից քննարկվող նախագիծը ներկայումս Ազգային ժողովում է, ակնկալվում է, որ փաստաթուղթը կընդունվի աշնանը: Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն աստիճանաբար: Օրենսգիրքն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2 տարի հետո: