ԵԱՏՄ պաշտոնյա. Հայաստանի 2016-ի արտահանման ցուցանիշները «տպավորիչ» են

Tatyana Valovaya / Photo: www.eurasiancommission.org

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միակ երկիրն է, որ անցյալ տարի ոչ միայն տնտեսական աճի տեմպի անկում չի արձանագրել, այլև անգամ աճ է գրանցել` հինգշաբթի` մայիսի 12-ին, Մոսկվայից տեսակամուրջով անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել է տնտեսական միության Կոլեգիայի անդամ, մակրոէկոնոմիկայի և ինտեգրման հիմնական ուղղությունների նախարար Տատյանա Վալովայան: Հատկանշական է, որ պաշտոնյան այդ աճը պայմանավորել է նաև ԵԱՏՄ անդամակցությամբ:

«Հատկապես ԵԱՏՄ նոր անդամ երկրի համար տնտեսության վրա նման ազդեցությունը նկատելի է լինում»,- նշել է Վալովայան` հղում անելով այն հանգամանքին, որ Հայաստանն անցյալ տարեսկզբին է ԵԱՏՄ անդամ դարձել:

Ողջ 2015-ի ընթացքում ընդդիմությունն ու հայաստանցի փորձագետները քննադատում էին Հայաստանի իշխանություններին ԵԱՏՄ-ին անդամակցելու համար, քանի որ որևէ դրական տնտեսական զարգացում չէին կարողանում այս համագործակցությունից մատնանշել: Հատկապես, ընդդիմախոսները շեշտում էին, որ սպասումներին հակառակ` անգամ ներմուծման ու արտահանման անկում է արձանագրվել ԵԱՏՄ երկրներ` Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` անցյալ տարի արտահանումը Հայաստանից նվազել էր գրեթե 4 տոկոսով, ներմուծումը` ավելի քան 26 տոկոսով:

Վալովայան հինգշաբթի համոզմունք է հայտնել, որ այս պատկերը հնարավոր է փոխել, քանի որ տեսնում է հայկական ապրանքների արտահանումը խթանող բոլոր պայմանները:

«Չկան մաքսային սահմանափակումներ, ամեն ինչ կա ընդլայնելու համար, հիմա հարցը արդեն բիզնես դաշտում է, և կա մեծ հնարավորություն շահավետ պայմաններով ապրանքներ արտահանելու ինչպես Ռուսաստան, այնպես էլ մյուս անդամ երկրներ: Հայաստանում բազմաթիվ տնտեսավարողներ արդեն իսկ օգտվում են այդ հնարավորությունից»,- ասել է նա` հավելելով, որ ինքն անձամբ ռուսական շուկայում շատ է տեսել հայկական արտադրության ապրանքատեսակներ:
Ավելին, Վալովայան տեղեկացրել է, որ հայկական ապրանքների արտահանումը ԵԱՏՄ երկրներ 2016-ի առաջին ամիսներին աճել է:

«Հայաստանից ապրանքների արտահանման ցուցանիշները տպավորիչ են: Այս տարվա հունվար-փետրվարի վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանից Բելառուս արտահանումն աճել է 45 տոկոսով` ի համեմատ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի: Քառակի ավելացել է Հայաստանից Ղրղզստան արտահանումը, իհարկե, ծավալները փոքր են, բայց աճը նշանակալի է: Կրկնակի ավելացել է Հայաստանից Ռուսաստան արտահանումը»,- նշել է ԵԱՏՄ պաշտոնյան` խոստանալով փորձել հարթել դժվարությունները, որոնք կառաջանան հայ գործարարների համար:

«Պետք է մեծ ակտիվություն դրսևորել: Միաժամանակ, եթե նրանք որևէ խոչընդոտի բախվեն, մենք միշտ ուրախ կլինենք անհրաժեշտ աջակցություն տրամադրելու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շրջանակում»:

Վալովայան անդրադարձել է նաև ԵԱՏՄ-ում միասնական արժույթի անցնելու խոսակցություններին` շեշտելով, որ դա ներկայումս անհրաժեշտ չէ.

«Դրա համար անհրաժեշտ է մինչև 2025-ը բարձր ինտեգրմամբ շուկա ունենալ: Քանի դեռ չկա միասնական շուկա, միասնական արժույթի պահանջմունք ևս չկա: Մենք կարիք չունենք միասնական անդրազգային արժույթ մտցնելու, բայց կարիք ունենք ավելի լայնորեն օգտագործելու ռուսաստանյան ռուբլին, ղազախստանյան տենգեն և այլն»:

Նոր անդամ երկրների ինտեգրացիոն գործընթացներ սկսելու նախադրյալներ ևս, ըստ պաշտոնյայի, դեռևս չկան: