Նախարարությունը հորդորում է ԶԼՄ-ներին, հասարակությանը «գործ տալ» մենաշնորհների դեմ

Artsvik Minasyan / Photo: Photolure

Կոռուպցիայի դեմ պայքարի Հայաստանի կառավարության հերթական նախաձեռնությունը, կարծես, ավելի հետևողական է դառնում, սակայն անգամ սա չի համոզում փորձագետներին ու հայաստանցիներին, որ վարչապետի ու իր կաբինետի մտադրությունն իմիտացիա չէ:

Պայքարի արդյունավետության համար Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունն անգամ համագործակցության առաջարկ է արել մի շարք ոլորտների ներկայացուցիչների:

«Վարչապետ Հովիկ Աբրահամյանի` մայիսի 12-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությանը տրված հանձնարարականի կատարման ապահովման կապակցությամբ, այն է` վերլուծել Հայաստանում առկա մենաշնորհները, դրանց ազդեցությունն ազատ մրցակցային պայմաններ ունենալու վրա և առաջարկել լուծումներ, ակնկալում ենք ԶԼՄ-ների, հասարակական կազմակերպությունների, շահառուների, անհատ քաղաքացիների ակտիվ մասնակցությունը հակամենաշնորհային քաղաքականության ձևավորման գործում»,- հայտարարել է նախարարությունը` հորդորելով մրցակցային պայմանների խեղաթյուրման և խախտումների դեպքերի վերաբերյալ տեղեկություններ տրամադրել մինչև մայիսի 20-ը:

Մենաշնորհների դեմ պայքարը նախարարությունում նախատեսում են ուժեղացնել նոր օրենսդրական կարգավորումների միջոցով:

«Պետք է ամրագրվեն նոր լծակներ, որոնք առկա են թե´ մենաշնորհային, թե´ գերիշխող դիրք ունեցող սուբյեկտներին պատասխանատվության ենթարկելու և հակամենաշնորհային ակտիվ քաղաքականության միջոցով առավել մրցակցային շուկաներ ձևավորելու ուղղությամբ: Կիրականացվեն համարժեք գործողություններ»,- Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ասել է էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

Նախարարի նախաձեռնությունները, սակայն, ոչ բոլորն են անվերապահորեն ընդունում, հատկապես սոցիալական ցանցերում արդեն արձագանքներ կան, որ Մինասյանը մինչև պաշտոնը ստանձնելը գիտեր բոլոր մենաշնորհների մասին:

«Նախարարը մինչև նախարար դառնալը ոնց որ գիտեր է»,- մեկնաբանություններից մեկում գրել է ֆեյսբուքյան հայ օգտատերերից մեկը:

«Ով ավելի շատ մոնոպոլիստ գտավ` թագավորության կեսը նրանն ա…»,- արձագանքել է մյուսը:

«Իրանց ոնց որ իմանալ չհայտնելու համար թագավորության տենց մեկ քառորդը, թե ինչը, տվել են արդեն, ուշ ա»,- գրել է առաջինը:

Էկոնոմիկայի նախարարության ու, ընդհանրապես, կառավարության նկատմամբ թերահավատություն են արտահայտում թե՛ լրագրողները, թե՛ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:

Ոմանք, այդուհանդերձ, փորձելու և գործելու կողմակից են, ինչպես, օրինակ, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գնումների փորձագետ Արտակ Մանուկյանը:

Ֆեյսբուքյան իր էջում նա տնտեսություն լուսաբանող մի քանի լրագրողների է դիմել` պետության ծախսերի վերաբերյալ հրապարակումներ անելու համար.

«Սկսենք մանր հարցերից,- գրել է Մանուկյանը: – Խնդրում եմ պահանջեք «Եվրատեսիլի» ծախսերի թափանցիկ հաշվետվողականություն, ինչքա՞ն են ծախսում` ներառյալ հովանավորների, կոմպոզիտորի և այլ գումարները, մի հատ տեսնենք` իմաստ կա՞ մասնակցելը, թե՞ ոչ: Վերջիվերջո կարող ենք մենք պահանջել թափանցիկություն, ստեղ էլ հո պաշտպանության նախարարության գաղտնի գնումնե՞ր չեն»:

«Էդ ինչպե՞ս է, որ մեզանից ավելի լավ վիճակում գտնվող և չպատերազմող երկրները հրաժարվում են մասնակցելուց, ինչի՞ համար է պետք մեր մասնակցելը»,- գրել է նա:

Հետաքրքրական է, որ լրատվամիջոցների որոշ գրառումներ արդեն անգամ իշխանությունների պատասխանն են ստացել: «Ա1+»-ը երկուշաբթի անդրադարձել էր «Ռուս-Արմօյլ» ՍՊԸ-ին, որի 46 տոննա դիզվառելիքով բեռնված մեքենաները փորձում էին Բագրատաշենի մաքսային անցակետից հետ ուղարկել:

Քաղաքացիական հասարակությունը միջադեպը որակել էր որպես մաքսային ծառայության` մենաշնորհներին նպաստելու գործունեություն, սակայն արդեն մեկ օր անց վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել էր Պետական եկամուտների կոմիտեին օրենքի շրջանակներում հարցին լուծում տալ: