Պայքար մենաշնորհների դեմ. Հայաստանի կառավարությունը խոստանում է հավասար պայմաններ բիզնեսի համար

Photo: www.parliament.am

Այս շաբաթ խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ գլխավոր թեման կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարն էր, ինչն ուղեկցվում էր վարչապետին ուղղված պատգամավորների սուր հարցերով:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, որ երկրում հեղուկ վառելիքի ներկրման մենաշնորհ չկա, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հակադարձել է, որ բենզինի ու դիզվառելիքի գինը հարևան Վրաստանում Հայաստանի համեմատությամբ 40 տոկոսով ցածր է, ինչն էլ խոսում է երկրում ոլորտի մենաշնորհի մասին:

Ի պատասխան՝ կառավարության ղեկավարը հայտարարել է. օրենքով որևէ մեկին մենաշնորհ տրված չէ, և մենաշնորհն էլ գոյանում է տնտեսական մրցակցության արդյունքում:

«Այդ հարցը քննարկել եմ հանրապետության նախագահի հետ երեկ: Մենք հետևողական ենք լինելու և ամեն ինչ արել ենք, որ նաև շուկայում գների նվազման երևույթ սկսվի, հետևելու ենք հեղուկ վառելիքի հետ կապված, և ընդհանրապես բոլոր տեսակի, որ ասում են` շաքարավազը մենաշնորհ է, այլ տարբեր սննդի տեսակներ են ասում: Եվս մեկ անգամ հայտարարում եմ՝ լինելու են հավասար պայմաններ, հավասար հարկային դաշտ, յուրաքանչյուր քաղաքացի կարող է ներկրել ինչ ցանկանա: Որևէ արհեստական խոչընդոտ չի լինելու»,- ասել է վարչապետ Աբրահամյանը:

Khachatur Kokobelyan /Photolure
Khachatur Kokobelyan /Photolure

Պատասխանելով Քոքոբելյանի հնչեցրած հարցին` վարչապետը պարզաբանել է, որ Վրաստանի հետ համադրելու դեպքում պետք է հասկանալ, որ Փոթիից ապրանքների տեղափոխման գինը հավասար է Եվրոպայից կամ Չինաստանից դեպի Փոթի ապրանքը տեղափոխվելու գնին, այսինքն՝ ինքնարժեքի վրա մեծ ազդեցություն է ունենում:

Կառավարության ղեկավարը նաև նշել է, որ յուրաքանչյուր գործարար, ով ցանկություն ունի զբաղվելու բիզնեսով, կարող է զբաղվել, ինքը անձամբ լինելու է հետևողական:

«Որևէ նախարարության, պատկան մարմնի կողմից չի լինելու առանձնակի մոտեցում, լինելու են հավասար պայմաններ, լինելու է հավասար հարկային դաշտ, մենք լինելու ենք հետևողական: Թող բոլորը զբաղվեն գործարարությամբ, որևէ արհեստական խոչընդոտ չի լինելու»,- ասել է նա:

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն էլ, հարց ուղղելով վարչապետին, նշել է, թե լրացուցիչ ի՞նչ է պետք, որ ուզում են իմանալ կամ ուզում են ստանալ, որպեսզի կոռուպցիայի դեմ պայքարում հաջողություններ ունենան:

«Ես պատկերացնում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարելու համար անհրաժեշտ են կամք, լծակ, լավ օրենք և ինֆորմացիա, թե ինչ է կատարվում քո երկրում: Եթե Հայաստանում 10 հարուստ մարդ կա, որը հարստացել է իշխանության ժամանակ և պաշտոն վարելու ժամանակ, առնվազն 5-ը այստեղ են: Կա՛մ ձեր շենքում է, կա՛մ էս շենքում է»,- հայտարարել է Մանուկյանը:

Վարչապետը պնդել է, որ առանց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, առանց պատգամավորների հնարավոր չէ պայքարել կոռուպցիայի դեմ, վստահեցնելով, որ իր հայտարարությամբ քայլեր է ներկայացրել, ու շարժվելու են դրանց իրագործման ուղղությամբ:

«Կրճատումներից սկսած, ներկայացուցչական ծախսերից սկսած տնտեսելու ենք ու, պարո՛ն Մանուկյան, ձեզ վստահեցնում եմ, որ գնալու ենք կամաց-կամաց առաջ՝ առանց մարդկանց նեղացնելու, առանց ոչ ճիշտ որոշումներ կայացնելու,- ասել է վարչապետը: – Կոռուպցիան բոլոր ժամանակներում եղել է տարբեր աստիճանի: Հիմա մենք ասում ենք՝ եկեք միասին քննարկենք, որոշումներ կայացնենք: Ես բաց ասում եմ ձեզ բոլորին՝ եկեք միասին գործ անենք:

Հիմա դուք բոլորդ պատճառներ եք փորձում փնտրել և այլն, և այլն: Դուք բոլորդ գիտեք, որ դա կախարդական փայտիկով չի, էլի, որ խփենք ու անենք»: