ԱՄՆ-Հայաստան. խրախուսվում է ամերիկյան բիզնեսին ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսության մեջ

Photo: Photolure

Հայաստանի ու Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև մեկ տարի առաջ ստորագրված Առևտրի և ներդրումների մասին շրջանակային համաձայնագրի շրջանակներում մշակվել և իրականացվում են կոնկրետ միջոցառումներ:

Մասնավորապես, ամերիկյան ներդրումերը խթանելու համար հիմա Հայաստանում տնտեսության առաջարկած պայմաններին են ծանոթանում ամերիկյան մի շարք խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ: Նրանք չորեքշաբթի նաև մասնակցել են կառավարության ու Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կազմակերպած «ԱՄՆ գործարար ճեպազրույց. Հայաստան» մեկօրյա համաժողովին:

«Վստահ եմ, որ հայ-­ամերիկյան հարաբերությունների զարգացման այս նոր փուլը կնպաստի հայկական ու ամերիկյան գործարար համայնքների էլ ավելի սերտ և արդյունավետ համագործակցության խրախուսմանը, նոր փոխշահավետ գործարար կապերի հաստատմանը և համագործակցության նոր ոլորտների ուղենշմանը»,- համաժողովի ժամանակ ասել է էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

Նախարարն ամերիկացի գործարարներին առաջարկել է ներդրումներ կատարել հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, քաղավիացիայի ոլորտներում:

ԱՄՆ-ն ծավալներով Հայաստանի վեցերորդ առևտրային գործընկերն է: Ամերիկյան ամենախոշոր ներդրումը «Քոնթուր գլոբալ» ընկերության 250 մլն դոլարն է` «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի» առքուվաճառքի գործարքով, որ սկսվել է 2014-ին ու ավարտվել անցյալ տարի: Այդուհանդերձ, փոխգործակցության համաձայնագրի կնքումից հետո անցած մեկ տարում նոր խոշոր ներդրումներ չեն եղել:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի խոսքով` իր գերակա խնդիրներից մեկը երկու երկրների միջև տնտեսական կապերի զարգացումն է:

«Գիտենք, որ հայ գործարարները կարողանում են լավ գործարքներ կնքել ու մշտապես փորձում են նոր ապրանքներ ու ծառայություններ ներմուծել հայաստանյան շուկա ու գտնել իրացման նոր ուղիներ Հայաստանում արտադրված ապրանքների ու ծառայությունների համար: Հայ գործարարների ու մի շարք հայտնի ամերիկյան ընկերությունենրի միջև կապեր ստեղծելով` մենք հույս ունենք երկկողմ առևտրի հետագա ընդլայնման ականատեսը դառնալ»,- համաժողովում ասել է դեսպանը:

Նա հայտնել է, որ միջոցառմանը Հայաստան են հրավիրել ամերիկյան այն մեծ ընկերություններին, որոնք նախկին Խորհրդային Միության տարածքում գործունեություն ծավալելու փորձ արդեն ունեն. «Մասնավորոպես, դրանք գործում են սպառողական ապրանքների, ճարտարագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում»:

«Հայաստանում վերջին տասնամյակի ընթացքում իրագործվել են բարեփոխումներ, որոնք այստեղ ներդրումներ իրականացնելու հնարավորություն են տալիս: Եղել են հարկային, մաքսային, մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված բարեփոխումներ: Հայ գործարարների ու մի շարք հայտնի ամերիկյան ընկերությունների միջև կապեր ստեղծելով՝ հույս ունենք երկկողմ առևտրի հետագա ընդլայնման ականատեսը դառնալու: Սա այն է, ինչ անհրաժեշտ է հայ ժողովրդին տնտեսությունը զարգացնելու համար՝ ռեսուրսներ և կապեր»,- հավելել է Միլսը:

Անդրադառնալով Հայաստանում կոռուպցիայի խնդրին` նա շեշտել է, որ գործարարները պետք է նկատի ունենան այդ հանգամանքը.

«Այսօր այստեղ հավաքվել են փորձառու ընկերություններ, որոնք Հայաստանում ունեն գործընկերներ լրատվական դաշտում, կառավարությունում, գործարարների շրջանում, քաղաքացիական հասարակությունում, որոնց հետ միասին կարող են աշխատել կոռուպցիայի դեմ պայքարում խաղի հավասար պայմաններ ապահովելու ուղղությամբ»:

Արծվիկ Մինասյանն այս առումով կարևորել ու ներկայացրել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ սկսված կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ պայքարը` որպես ներդրումային միջավայրի բարելավման հնարավորություն: