Կառավարությունը որոշել է կրճատել ծառայողական ավտոմեքենաները`որպես բյուջետային միջոցների խնայողության աղբյուր

Photo: Photolure

Կառավարության նիստում որոշվել է կառավարության, գերատեսչությունների և պետական մի շարք այլ ընկերություններին ծառայողական ավտոմեքենաները կրճատել 797-ով:

Այս մասին հինգշաբթի կայացած կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Նա ֆինասների նախարարին առաջարկել է հաջորդ նիստում ներկայացնել որոշման նախագիծ, որտեղ կարտացոլվի բյուջեից ֆինանսավորվող պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների վերոնշյալ քանակի նվազեցումը, ինչպես նաև կրճատված ավտոմեքենաների պահպանման ծախսերի նվազեցումը:

Հարությունյանի խոսքով` ավտոմեքենաների կրճատումը կատարվելու է փուլերով. «Մենք աշխատել ենք բոլոր նախարարությունների հետ, բացի պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններից, ինչպես նաև աշխատել ենք Կառավարությանն առընթեր բոլոր մարմինների՝ բացառությամբ ոստիկանության, ազգային անվտանգության և քննչական, ինչպես նաև փրկարար ծառայության»,- նշել է նա:

Նրա խոսքով՝ բյուջեից ուղղակի ֆինանսավորվող մեքենաների քանակը կրճատվելու է 107-ով, իսկ առընթեր մարմիններին ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպություններում (ՊՈԱԿ), փակ բաժնետիրական ընկերություններում (ՓԲԸ) և հիմնադրամներում՝ 690 ավտոմեքենա:

«Պետք է նշեմ, որ դրանց մի մասն օգտագործվում էր հենց պետական մարմինների կողմից»,- ասել է նա:

Հարությունյանը տեղեկացրել է, որ նախապատրաստվել է վարչապետի հանձնարարականի նախագիծ, որով նախ՝ արգելվում է սպասարկող, այսինքն՝ հերթապահ մեքենաների ամրագրումը որևէ կոնկրետ պաշտոնատար անձի, երկրորդ՝ բոլոր նշված մարմինների պաշտոնական կայքերում պետք է զետեղվի տեղեկատվություն մեքենա առ մեքենա, թե ո՛ւմ է այն սպասարկում, և երրորդ` պետք է արգելվի ծառայողական նպատակներով օգտագործելու համար ՊՈԱԿ-ներին, ՓԲԸ-ներին, հիմնադրամներին կամ պետական հիմնարկին պատկանող մարդատար ավտոմեքենաների տրամադրումը հանրապետական գործադիր մարմիններին:

Նա նշել է նաև, որ բյուջետային միջոցները, ներառյալ միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից տրամադրված վարկային և դրամաշնորհային ծրագրերը, ինչպես նաև արտաբյուջետային միջոցների հաշվին իրականացվող ծախսերը պետք է խիստ նպատակային և արդյունավետ օգտագործվեն:

Նշենք, որ նախորդ շաբաթ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ պետք է պայքարել կոռուպցիայի, մենաշնորհների դեմ: Իսկ երեկ նա ավելացրել էր, որ պետք է ստեղծվեն հավասար պայմաններ բիզնեսի զարգացման համար: