Խորհրդարանում սկսվել են 2015-ի բյուջեի կատարողականի քննարկումները

Photo: Parliament.am

Այս շաբաթ խորհրդարանում մեկնարկած 2015 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարողականի քննարկումների ընթացքում երկրի գլխավոր գանձապետը հայտարարել է. 2015-ին կանխատեսված 4,1 տոկոս տնտեսական աճի փոխարեն արձանագրվել է 3 տոկոս աճ` հիմնականում գյուղատնտեսության և հանքարդյունաբերության հաշվին:

Ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշել է. տնտեսական աճը կազմել է 3 տոկոս, քանի որ կրել է հիմնական գործընկեր երկրների տնտեսական անբարենպաստ զարգացումների, մետաղների միջազգային գների նվազման, Ռուսաստանից ներհոսող դրամական միջոցների կրճատման արդյունքում իրական տնօրինվող եկամտի նվազման, ինչպես նաև տնտեսությունում վարկավորման մակարդակի նվազման ազդեցությունը:

«2015 թվականին 2014 թվականի նկատմամբ գրանցվել է ՀՆԱ-ի 3,0% աճ: Տնտեսական աճին նպաստել են գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, ծառայությունները, իսկ շինարարությունն ունեցել է բացասական ազդեցություն՝ 0,4 տոկոսով: 2015 թ. պետական բյուջեով ստանձնած բոլոր պարտավորություններն ամբողջությամբ ու ժամանակին հնարավոր է եղել ապահովել, ուստի դրանք կատարված են»,- ասել է գլխավոր գանձապետը և ավելացրել, որ պետական բյուջեի պակասուրդը 2015 թվականին կազմել է ՀՆԱ-ի 4,8%-ը` նախորդ տարվա 1,9%-ի համեմատ:

Ջանջուղազյանը նշել է, որ կրճատվել է նաև վերջնական սպառումը, որը նվազել է: Նախորդ տարվա նկատմամբ վերջնական սպառումը նվազել է 6,5 տոկոսով: Կապիտալ ներդրումները նվազել են 5,1 տոկոսով՝ պայմանավորված մասնավոր ներդրումների 8,9 տոկոս նվազմամբ, մինչդեռ աճել են պետական ներդրումները: Աշխատավարձերն աճել են 7,8 տոկոսով, պետական հատվածում՝ 8,8 տոկոսով, ոչ պետական հիմնարկներում՝ 6,6 տոկոսով: Գործազրկությունը կազմել է 18,5 տոկոս:

2015-ին բյուջեի եկամուտները կազմել են մոտ 1,2 տրիլիոն դրամ, ծախսվել է մոտ 1,4 տրիլիոն: Արտաքին առևտուրը նվազել է 20 տոկոսով: 2015-ի վերջին Հայաստանի պետական պարտքը կազմել է մոտ 5,8 միլիարդ դոլար, ինչը կազմում է համախառն ներքին արդյունքի 41 տոկոսը:

«Հայաստանը շարունակում է գտնվել նվազ պարտքի բեռ ունեցող երկրների ցանկում: Այդ տեսակետից պետական պարտքը դեռևս իր մեջ ռիսկեր չի պարունակում, ինչը, իհարկե, ամենևին չի նշանակում, որ մենք չենք քննարկում կամ չենք դիտարկում պետական պարտքի հետ կապված հնարավոր ռիսկերը»,- ասել է Ջանջուղազյանը:

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի դիտարկմամբ էլ Հայաստանի ֆինանսական ցուցանիշները կառավարելի սահմաններում են: Ըստ նրա՝ 2015-ին պետբյուջեի պակասուրդի կտրուկ աճը նպաստել է ծախսերի ավելացմանը, ինչն էլ օգնել է պահպանելու տնտեսական ակտիվությունը:

«Կենտրոնական բանկը 2015-ին ծառայողական ավտոմեքենաների պահպանման և շահագործման համար ծախսել է 76 միլիոն դրամ: Շատ ավելի պատկառելի գումար ծախսվել է աշխատանքային շենքերի և շինությունների կառուցման համար՝ 2 միլիարդ 547 միլիոն դրամ: Նշված գումարները ուղղվել են Սիսիանում դրամարկղային կենտրոնի կառուցման, Դիլիջանում ընդունելությունների տան և դպրոցի կառուցման աշխատանքներին»,- ասել է ԿԲ նախագահը:

Հիշեցնենք, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկում ծախսերի կրճատման և ապարատի օպտիմալացման ուղղությամբ: Այդ շրջանակներում արդեն հայտարարվել է շուրջ 800 ծառայողական ավտոմեքենաներ կրճատելու մասին:

Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանի դիտարկմամբ` ծառայողական մեքենաներից ազատվելով` հնարավորություն կունենան ֆինանսական միջոցներ խնայելու: