Խնայողության ռեժիմ. կառավարությունն ազդարարում է առավել քիչ ծախսատար համակարգի անցնելու մասին

Արտեմ Ասատրյանը / Photo: Photolure

Կառավարության որդեգրած նոր քաղաքականությունը` անցում խնայողության առավել խիստ ռեժիմի, ձևավորելով առավել քիչ ծախսատար պետական կառավարման ապարատ, կրճատելով գործուղումները, ծառայողական մեքենաները, վերանորոգումները, արդեն իսկ ընթացքի մեջ են, ինչը միտված է «ավելի արդյունավետ պետություն դառնալու» երկրի վարչապետի հայտարարությանը:

Դեռևս մայիսի 12-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ ապրիլյան պատերազմը ստիպել է վերանայել կառավարության աշխատանքը, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարի և բանակի մարտունակության ապահովման հարցում։ Վարչապետը նշել էր, որ Հայաստանի ռեսուրսները սահմանափակ են, սակայն խնդիրները կարող են հարթվել կառավարման ավելի կատարյալ մոդելների ներդրման և ընդունված որոշումներն արագորեն կյանքի կոչելու շնորհիվ։

Հինգշաբթի խորհրդարանում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարել է, որ դեռևս 145 մեքենաներից միայն 41-ն են կրճատել, որոնց մեջ եղել են չշահագործվողները: Անցել են նաև խնայողության ռեժիմի ՝ ավելորդ էլեկտրաէներգիա չեն ծախսում:

«Դա միշտ է եղել, և ես կարծում եմ՝ յուրաքանչյուրս իր աշխատավայրում պիտի վարվի այնպես, ինչպես իր տանն է վարվում»,- ասել է նախարար Ասատրյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպե՛ս կազդի վարչապետի հայտարարած օպտիմալացումը հասարակության սոցիալական վիճակի վրա, եթե պետական համակարգում սկսեն աշխատատեղեր կրճատել, նախարարն ասել է. «Աշխատողներին կրճատելու խնդիր դրված չէ, կրճատելը չի կարող ինքնանպատակ լինել: Չունեմ նման կանխատեսում: Ես չեմ համարում, որ հարցադրումը ճշգրիտ արտահայտում է իրերի դրությունը, որովհետև ցանկացած ուղղությամբ աշխատանք կատարելը ենթադրում է որոշակի ուսումնասիրություններ, վերլուծություններ»:

Հինգշաբթի կառավարության նիստում էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ իր ղեկավարած գերատեսչությունում կրճատվել է 9 մեքենա, աշխատողների կրճատման համար աշխատանքային խումբ է ստեղծվել, որն ուսումնասիրում է նախարարարության գործառույթներն ու կառուցվածքը:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի դիտարկմամբ էլ` գործադիր մարմինների ենթակայության տակ գործող ՊՈԱԿ-ներում և հիմնադրամներում մեքենաների կրճատումները շարունակվում են:

«Այս շաբաթվա ընթացքում ևս 30 մեքենա է կրճատվել: Այս պահի դրությամբ ուղղակի և անուղղակի բյուջեից ֆինանսավորվող մեքենաների թիվը կրճատվել է 798-ով, իսկ հանրապետական գործադիր մարմիններում կրճատվող մեքենաների թիվը 137 է»,-ասել է Հարությունյանը:

Այս շաբաթ Շիրակի մարզում դպրոցների տնօրենների հետ հանդիպմանը կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշել է. ոլորտում փոփոխություններ են նախատեսում, որոնց մեծ մասը մեկնարկելու է հաջորդ ուսումնական տարվանից:

«Այստեղ, իհարկե, կա սոցիալական ֆակտորը: Հատկապես ուսուցչության մեջ: Չի գնա կրճատումներն իհարկե դեպի ուսուցչություն, բայց մենք խնդիր ունենք, որ հատկապես գյուղական շրջաններում, երբ մեկին աշխատանքից ազատում ես, իհարկե, ինքը բերում է սոցիալական լարվածություն: Պետք է նաև մարդուն կարողանաս ապահովել մեկ այլ աշխատանքով, եթե պիտի կրճատում կատարես: Սա բավականին բարդ է, թեև առայժմ այդպիսի հարց չունենք»,- ասել է նախարար Մկրտչյանը:

Անցյալ շաբաթ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն անդրադարձել էր իր ղեկավարած գերատեսչությունում կրճատվող ծառայողական ավտոմեքենաներին, նշելով, որ դրանց թվում են նաև այն մեքենաները, որոնք դեռ 80-ականներից աշխատում են մարզերում: Նախարարը չի բացառել նաև, որ կառույցների միավորում կլինի, նշելով, որ ամեն ինչ պետք է արվի միայն որակական ցուցանիշները հաշվի առնելով: Նա նշել է, որ կադրերի կրճատման խնդիրը ևս քննարկվում է, սակայն փորձելու են այնպես անել, որ որակական ցուցանիշը անկյունաքարային լինի: