Ցասման ողկույզներ. գյուղացիները պահանջում են վճարել նախորդ տարվա մթերված խաղողի դիմաց

Photo: Photolure

Հայաստանի մի քանի համայնքների խաղողագործները շարունակում են բողոքել և պահանջել դեռևս անցյալ տարի մթերած խաղողի գումարները:

Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանի մի շարք համայնքների խաղողագործներ հինգշաբթի՝ կառավարության նիստին զուգահեռ, կրկին իրենց բողոքի ձայնն են բարձրացրել կառավարության շենքի առջև: Նրանք արդեն մի քանի ամիս է` «Վինար» ընկերությունից պահանջում են նախորդ տարվա մթերած խաղողի գումարները:

Ըստ խաղողագործների՝ իրենց խոստացել էին խաղողը մթերել 140 դրամով (մոտ 29 սենթ), մինչդեռ մթերել են 40 դրամով (8 սենթ), սակայն այդ գումարն էլ դեռևս չեն ստացել: Խաղողագործները նշում են, որ իրենց պարբերաբար խոստանում են գումարները վճարել, սակայն այդ խոստումներն այդպես էլ իրականություն չեն դառնում, իսկ չվճարված գումարների հետևանքով խաղողագործներն այս տարի չեն կարողացել մշակել իրենց խաղողն ու կզրկվեն նաև այս տարվա լավ բերքից:

«Մենք ոչ մեկից ոչ մի բան չենք ուզում, մենք աշխատել ենք ու մեր գումարն ենք ուզում: Փող չլինելու հետևանքով մարդ կա` խաղողի այգին չի կարողացել թաղել, որը ցրտահարվել է: Մարդիկ չեն կարողացել ժամանակին դեմն առնել, ու հիմա արդեն որդը թփերն ա ուտում: Մենք հիմա խաղողը պետք է երկրորդ անգամ բուժում արած լինեինք, գումար չունենք, որ անենք: Խաղողը արդեն հասնում ա, ծիրանից հետո խաղող պիտի վաճառենք, բայց նորմալ բերք չունենք»,- ասել է գյուղացիներից մեկը:

Բողոքի ակցիայից որոշ ժամանակ անց ցուցարարներին է մոտեցել «Վինար» մթերող ընկերության տնօրենի որդին՝ Դավիթ Գալստյանը, ով տեղեկացրել է, թե ամեն վայրկյան սպասում են բանկից վերցրած վարկի վերջնական ձևակերպմանը, ինչից հետո կփակեն շուրջ 50 մլն դրամի (մոտ 104.170 դոլար) պարտք: Իսկ մնացած 60 մլն դրամ (մոտ 125.000 դոլար) պարտքը, ըստ Գալստյանի, կփորձեն վճարել մինչև ընթացիկ մայիսի վերջը:

Ցուցարարներին մոտեցել է նաև գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը՝ որպես պարտքի վճարման վերջնաժամկետ նշելով հաջորդ չորեքշաբթին:

Սակայն պարտքի վճարման վերջնաժամկետի բազմաթիվ խոստումներ լսած գյուղացիները, արդեն չհավատալով, զայրացած հասան մինչև նախագահի նստավայր, որտեղ էլ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները գյուղացիներից մի քանիսին ընդունելով, ի վերջո, կրկին հորդորեցին սպասել մեկ օր:

Դեռևս այս շաբաթասկզբին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ խաղող մթերող ձեռնարկությունների ղեկավարների մասնակցությամբ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով մթերումների կազմակերպմանն ու առկա խնդիրներին, Աբրահամյանը հանձնարարել է էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարներին՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված տնտեսական իրողությունները, շարունակել ձեռնարկությունների հետ քննարկումները՝ ոլորտի զարգացմանն ուղղված քայլեր մշակելու, նոր շուկաներ գտնելու ուղղությամբ, ինչպես նաև օժանդակել տնտեսավարողներին՝ առկա խնդիրները հաղթահարելու համար:

Անցյալ տարի աննախադեպ առատ խաղողի բերք էր գրանցվել, ինչը երևան հանեց գինեգործության ոլորտի և շուկաների բացակայության մի շարք խնդիրներ: Մի շարք մթերող ընկերություններ նույնիսկ առատ բերքի արդյունքում գնանկման պայմաններում էլ հրաժարվում էին խաղող մթերելուց: Սոցիալականից քաղաքականի վերաճած այս հարցի լուծման համար կառավարությունը խրախուսեց մթերող կազմակերպություններին ընդունել այն բերքը, որը հակառակ դեպքում փչանալու էր ու թափվեր: