Հոնքը շինելու տե՞ղ. նախարարն առաջարկում է շաքարի ներմուծման մենաշնորհ տրամադրել հակամենաշնորհային պայքարի շրջանակներում

Photo: Photolure

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի հայտարարությունը` շաքարի ներմուծման ոլորտում մենաշնորհի հնարավոր տրամադրման վերաբերյալ, կրկին հաստատել է հասարակության թերահավատությունը կառավարության` կոռուպցիայի դեմ պայքարի հայտարարությունների հանդեպ:

Փորձագետների գնահատմամբ` եթե անգամ կառավարությունը նման քայլի գնա, սա ավելի շուտ պետք է որակել որպես մենաշնորհների դեմ պայքարի առնվազն ձախողում, քան քայլ առաջ:

Երկուշաբթի` մայիսի 30-ին, Մինասյանը լրագրողների հետ զրույցում չի բացառել,

որ շաքարավազի ներկրման ոլորտին օրենքով մենաշնորհ տրվի` վստահ, որ այդ քայլը քննադատությունների տեղիք կտա: Փորձելով բացատրել նման որոշման արդարացվածությունը` նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանի շաքար արտադրող գործարանն այսօր աշխատում է իր հզորության 25-30 տոկոսի չափով:

«Հիմա հարց է՝ առհասարակ այդ 25-30 տոկոսն էլ չպետք է թույլ տալ, որ աշխատի, թե՞ ավելի լավ է դու օրենքով իրեն ճանաչես մենաշնորհ, բայց պայմաններ առաջադրես: Ընդունենք, ասես՝ դու պետք է առնվազն 90 տոկոս հզորությամբ աշխատես, դու պետք է ապահովես նվազագույնն այսքան աշխատատեղ, այսքան պետական բյուջեի մուտքեր, պետք է ապահովես թափանցիկություն: Այդ դեպքում, անկախ նրանից, թե ովքեր են սեփականատերերը, գուցե պետությունը նաև աջակցի այդ կազմակերպությանը՝ արտահանում կազմակերպի»,- նշել է Մինասյանը, որը կառավարությունում ներկայացնում է, մասնավորապես, սոցիալիստական հայացքներ դավանող Դաշնակցություն կուսակցությունը:

Միաժամանակ նախարարը չի համաձայնել, որ այս քայլը հնարավոր է դիտվի որպես փորձ` օրինականացնելու ներկա, հատկապես քաղաքացիական հասարակության ու լրատվամիջոցների կողմից անօրինական որակվող գործունեությունը: Մինասյանը մատնանշել է Շվեյցարիայի աղ արդյունահանող ձեռնարկության օրինակը.

«Սրանք հարցեր են, որոնք պետք է քննարկվեն: Այն ոլորտները, որոնք տեղական արտադրություն են, պետք է ապահովեն զբաղվածության մեծ քանակություն, որոնք հանրային պատասխանատվության տակ պետք է լինեն և տնտեսական մեծ արդյունք են տալիս, արդյոք ճի՞շտ է, որ մենք այս մասով ամբողջությամբ ներմուծման ազատություն տանք, թե՞ այնուամենայնիվ հանրային շահն այս դեպքում պահանջում է, որ օրենքով բոլոր հարաբերությունները կարգավորվեն՝ թեկուզ ճանաչելով իրեն մենաշնորհ»:

Գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող Ախուրյանի շաքարի գործարանը բացվել է 2010 թվականին: Այն հնարավորություն ունի վերամշակելու ինչպես կիսաֆաբրիկատ հումքը, այնպես էլ տեղում աճեցված շաքարի ճակնդեղը:

Մի քանի ամիս առաջ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կասկածներ էր արտահայտել առ այն, որ գործարանում շաքարավազ չի արտադրվում, այլ պատրաստի շաքարավազ է ներկրվում, բայց բարձր մաքսատուրքերից խուսափելու համար այն որպես հումք է ձևակերպվում, որն իբր վերամշակվում է գործարանում:

Ալեքսանյանը հերքել էր այս տեղեկատվությունը` հավաստիացնելով, որ արդեն 4 տարուց ավելի իրենք Բրազիլիայից շաքարեղեգի հումք են ներկրում, և այն մշակում է Ախուրյանի գործարանում:

Ըստ «Հայկական ժամանակ» թերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի` մենաշնորհի տրամադրումը խնդրից փախուստ որակելը նույնիսկ ամենափոքր մասով չի արտացոլում իրականությունը. «Ժողովրդական բանահյուսությամբ ասած` սրանով հոնքը շինելու տեղ աչքն էլ կհանեն»:

«Իհարկե, կարծում եմ, որ Հայաստանի կառավարությունը, ի վերջո, չի գնա այս քայլին` թեկուզև միջազգային ֆինանսական կառույցների ճնշումներից վախենալով: Բայց միայն այն փաստը, որ նման տարբերակ քննարկվել է, արդեն իսկ խոսում է մենաշնորհների դեմ հայտարարված պայքարի պաշտոնական ավարտ»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Գևորգյանը:

«Սրանով կառավարությունը որպես տարբերակ չի բացառում բոլոր մենաշնորհներն ու օլիգոպոլիաները «օրինականացնելու» հնարավորությունը և, բացի դա, խոսում է այն մասին, որ որևէ այլ տարբերակ կառավարությունը չունի»,- հավելել է նա:

Ուշագրավ է, որ դեռ մի քանի տարի առաջ նախագահ Սերժ Սարգսյանը նաև հրապարակավ ընդունել էր, որ շաքարի ներմուծումը Հայաստանում դե ֆակտո «բնական» մենաշնորհ է: 2014 թ. Չեխիայի Հանրապետություն կատարած այցի ընթացքում պետության ղեկավարը ի պատասխան շաքարի ներմուծման մենաշնորհի գոյության մասին տեղացի հայ ձեռնարկատիրոջ հնչեցրած  հարցի, ըստ «Առավոտ» օրաթերթի, ասել էր. «Բա ինչ ես ուզում, մի փոքր երկրում տասը հոգով շաքար ներկրե՞ն»: