Պայքար մենաշնորհների դեմ. Հայաստանի կառավարության կիզակետում կարևորագույն ապրանքային շուկաներում «կենտրոնացվածությունն» է

Photo: Photolure

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը էկոնոմիկայի նախարարին հանձնարարել է մեկամսյա ժամկետում մշակել շուկայական կարևորագույն ապրանքների ներմուծման գործընթացների մասին մանրամասն ուղեցույցներ:

Խոսքը, մասնավորապես, շաքարավազի, ալյուրի, ցորենի, ձեթի, բրնձի, հնդկաձավարի, կարագի, մարգարինի, բանանի, նարնջի, մանկական սննդի, թռչնի մսի, դեղորայքի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաների մասին է:

«Դրանք պետք է ընդգրկեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, փորձաքննությունները, սերտիֆիկատները, վճարումները, ժամկետները, իրականացնող մարմինները, բողոքարկման կարգը և այլն: Ուղեցույցները պետք է զետեղվեն էկոնոմիկայի նախարարության, ֆինանսների նախարարության, ՊԵԿ-ի, ինչպես նաև բոլոր առնչվող գերատեսչությունների կայքէջերում»,- հինգշաբթի կառավարութհան նիստում հայտարարել է վարչապետը:

Նա նշել է, որ քննարկումների արդյունքում եզրահանգել են նրան, որ սոցիալական նշանակություն ունեցող կարևորագույն ապրանքային շուկաները թեև ֆորմալ առումով մենաշնորհային չեն, սակայն հանրության կողմից ընկալվում են որպես մենաշնորհ:

«Պատճառն այն է, որ այս ապրանքային շուկաներում առկա է կենտրոնացվածության բարձր աստիճան, ինչը բերում է այնպիսի ռիսկերի, ինչպիսիք են` մրցակցության խաթարումը, փոքր և միջին ձեռնարկատերերին շուկայից դուրսմղումը և նորերի մուտքի սահմանափակումը, սպառողների շահերի ոտնահարումը, կոռուպցիան, գների անհիմն տատանումները և, ի վերջո, երկրում համախառն տնտեսական վնասի առաջացումը»,- նկատել է նա:

Հայաստանի ընդդիմության և գործարար համայնքի ներկայացուցիչների մեծ մասը  թերահավատորեն է մոտեցել դեռևս մայիսի 12-ին վարչապետի կողմից արված նախաձեռնությանը: Այս թերահավատությունն ավելի ամրապնդվեց, երբ այս շաբաթ ավելի վաղ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը չբացառեց, որ շաքարավազի ներմուծմանը կտրվի նույնիսկ օրենքով մենաշնորհ:

Այդ քայլը Մինասյանը բացատրել է նրանով, որ հարկավոր է երկրում շաքարավազի գործարանն աշխատի ողջ հզորությամբ, սակայն վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօրվա իր խոսքում այս հարցին չի անդրադարձել: