Պայքար ապամենաշնորհացման դեմ. փորձագետը պնդում է` շուկայական «կենտրոնացվածության» դեմ քաղաքական որոշումներ են պետք

Photo: Media Center

Մինչ Հայաստանի Կառավարությունը նոր քայլեր է ձեռնարկում տնտեսության բարձր կենտրոնացվածությամբ ոլորտները կարգավորելու համար, շատերը շարունակում են թերահավատ մնալ` կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ պայքարում քաղաքական կամքի առկայության վերաբերյալ` համոզված, որ առանց դրա քիչ բան կարող է փոխվել:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հինգշաբթի` հունիսի 2-ին, հանձնարարել է էկոնոմիկայի նախարարությանը մեկամսյա ժամկետում շուկայում կարևոր 10 ապրանքների` շաքարավազի, ալյուրի, ցորենի, ձեթի, բրնձի, հնդկաձավարի, կարագի, մարգարինի, բանանի, նարնջի, մանկական սննդի, թռչնի մսի, դեղորայքի, բենզինի և դիզելային վառելիքի ներմուծման գործընթացների մասին ուղեցույցներ մշակել:

Կառավարության նիստում վարչապետը նշել է, որ վերոնշյալ շուկաները թեև ֆորմալ առումով մենաշնորհային չեն, սակայն հանրության կողմից ընկալվում են որպես մենաշնորհ:

«Պատճառն այն է, որ այս ապրանքային շուկաներում առկա է կենտրոնացվածության բարձր աստիճան, ինչը բերում է այնպիսի ռիսկերի, ինչպիսիք են` մրցակցության խաթարումը, փոքր և միջին ձեռնարկատերերին շուկայից դուրսմղումը և նորերի մուտքի սահմանափակումը, սպառողների շահերի ոտնահարումը, կոռուպցիան, գների անհիմն տատանումները և, ի վերջո, երկրում համախառն տնտեսական վնասի առաջացումը»,- հավելել է Աբրահամյանը:

Վարչապետը նաև հանձնարարել է էկոնոմիկայի նախարարությանը և Պետական եկամուտների կոմիտեին քննարկել և երկամսյա ժամկետում ներկայացնել հայեցակարգ, թե ի՛նչ լրացուցիչ կարգավորումներ պետք է կիրառել «ներմուծում-մեծածախ վաճառք-մանրածախ վաճառք» շղթայում, որը կբացառի խոշոր տնտեսավարողների կողմից ապրանքային շուկայում խաղի կանոնների թելադրումը: Նա, մասնավորապես, առաջարկել է քննարկել խոշոր տնտեսավարողի կողմից միաժամանակ մանրածախ և մեծածախ վաճառքով զբաղվելն արգելելու գաղափարը:

Ըստ էկոնոմիկայի նախարար, սոցիալիստական Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանի` ապրանքներն առաձնացվել են` դրանց սոցիալական կարևորությունը նկատի առնելով, ու իրենք պետք է աշխատանքներ կատարեն ներմուծման պահից սկսած մինչև Հայաստանում դրանց մեծածախ ու մանրածախ վաճառքը կարգավորելու համար:

Photo: Photolure
Photo: Photolure

«Ամեն ապրանք պետք է ազատ մուտք ունենա սահմանի վրա: Մեծածախ առևտրից դեպի մանրածախ փոխանցումը չի կարող տեղի ունենալ անհավասար պայմաններում։ Այսինքն` մի սուբյեկտ, որ ներմուծող է և ներմուծման շրջանակներում իր առևտրային ցանցերով նաև կարող է իրացնել իր ապրանքը, ապա նույնը պիտի լինի նաև այլ առևտրային ցանցերի համար»,- հինգշաբթի երեկոյան լրագրողների համար հայտարարված ճեպազրույցում ասել է Մինասյանը` հավելելով, որ այս ամենին հասնելու համար պետք է փոխել օրենսդրական կարգավորումները։

«Պետք է հավասար պայմաններ լինեն բոլորի համար` սա՛ է հանձնարարականների իմաստը, ու այս ուղղությամբ ենք զբաղվելու։ Պետք է նույն մաքսային արժեքը կիրառվի նույն ապրանքը ներկրող բոլոր տնտեսավարող սուբյեկտների համար»,- նշել է նախարարը։

Այդուհանդերձ, Հայաստանի ընդդիմության, գործարար համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև փորձագետների զգալի մասը, որ թերահավատորեն է մոտեցել դեռևս մայիսի 12-ին վարչապետի կողմից արված նախաձեռնությանը, գործադիրի ներկայացուցիչների այս հայտարարություններից հետո էլ առաջընթաց չեն տեսնում:

Ըստ «Հայկական ժամանակ» թերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի` կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարը մինչև հիմա ձևակերպումների շուրջ է։

«Իմ խորին համոզմամբ` այս պայքարում ամենավերջին բանը, ինչի անհրաժեշտությունը կա, օրենսդրական փոփոխություններն են, քանի որ թե՛ մոնոպոլիան, թե՛ կոռուպցիան Հայաստանում խիստ կառուցվածքային, հստակեցված մի ամբողջական համակարգ են, որի մասնաբաժինները սերտաճած են իրար մեջ։ Ու կախարդական փայտիկը օրենսդրության դաշտում չէ, որով կարելի է լուծել այս խնդիրները»,- հինգշաբի երեկոյան Մեդիա կենտրոնի նախաձեռնած քննարկմանը ասել է Գևորգյանը:

Նա համոզված է` թե՛ կոռուպցիան, թե՛ մենաշնորհները ստեղծվել են քաղաքական որոշումների թույլտվությամբ ու կարող են վերանալ միայն քաղաքական որոշումներով.

«Շաքարի հումքը Հայաստան բերում է Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը, վերամշակում է իրեն պատկանող գործարանում ու վաճառում է իրեն պատկանող խանութներում: Շաքարի ներկրման մաքսատուրքը արժեքի 70 տոկոսի չափով է, շաքարի հումքինը` 0 տոկոս: Եթե ինչ-որ գործարար ցանկանա շաքարի հումք ներկրել ու տալ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի գործարանին՝ վերամշակելու, արդեն իսկ տուժելու է: Ու բոլոր, համարյա բոլոր շուկաներում այս վիճակն է»:

«Եթե շաքարի շուկայում մոնոպոլիան վերացավ, ուրեմն արևը ծագելու է արևմուտքից»,- հավելել է Գևորգյանը: