«Քաթարի ավիաուղիներ» ընկերությունը Հայաստանում. նոր թռիչքներ, «մրցունակ» գներ

Photo: Photolure

«Քաթարի ավիաուղիների» առաջարկած չվերթերի գնացուցակը մրցունակ կլինի` լրագրողների հետ հանդիպմանն ասաց ընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Հյուհ Դանլիվինը:

«Գնային քաղաքականությունը կախված կլինի դիրքավորման, մրցակցության և այլ գործոներից, բայց վստահեցնում եմ` «Քաթարի ավիաուղիներով» հայաստանցիները հնարավորություն կունենան ճամփորդելու»,- նշեց նա:

«Քաթարի ավիաուղիները» այսուհետ շաբաթական չորս օր կանոնավոր թռիչքներ է իրականացնելու Դոհա-Երևան երթուղով:

Թռիչքներն իրականացվելու են Airbus A320 օդանավով` տրամադրելով 12 բիզնես և 132 էկոնոմ կարգի նստատեղեր: A320 տեսակի օդանավը հնարավորություն կտա մինչև 48 տոննա բեռնափոխադրումներ իրականացնելու Երևանից Դոհա երթուղով ավիաընկերության չվերթերի ամբողջ ցանցով:

Ավիաուղիների պաշտոնական կայքում Հայաստանից իրականացվող չվերթերի գնացուցակում էկոնոմ դասի տոմսերի գինը տատանվում է 178-670 եվրոյի սահմաններում, իսկ բիզնես կարգի տոմսերի գինը սկսվում է 772 եվրոյից` հասնելով 2500 եվրոյի:

Ընկերության կոմերցիոն տնօրենը վստահեցրեց, որ նախատեսված 150 ուղղություններով չվերթերը Երևանը կկապեն աշխարհի տարբեր կետերի հետ:

«Մեր մեկնարկով ցանկանում ենք աշխարհը կապել Հայաստանի հետ և հակառակը: Լինելով երիտասարդ ընկերություն՝ 19 տարիների ընթացքում կարողացել ենք ձեռք բերել 184 ժամանակակից օդանավ, որոնք չվերթեր են իրականացնում աշխարհի 6 մայրցամաքներում՝ 150 ուղղություններով»,- ասաց նա:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն էլ նշեց, որ Հայաստանն ունի այն «բաց երկնքի» քաղաքականությունը, որի համար տարիներ շարունակ պայքարել են:

«Քաթարը կարևոր է մեզ համար, քանի որ այն հաղորդակցվում է աշխարհի շատ երկրների հետ, ինչը մեծ հնարավորություն է ստեղծում Հայաստանի համար: Քաթարը տալիս է մեզ հնարավորություն Հայաստան ոչ միայն սփյուռքահայեր, այլ նաև այլ զբոսաշրջիկներ բերելու համար»,- ասաց նա:

«Քաթարի ավիաուղիները» Միջին Արևելքի ամենամեծ ավիաընկերություններից մեկն է, ունի մեծ ցանց և թռիչքներ է իրականացնում 150 ուղղությամբ: «Քաթարի ավիաուղիների» շարժակազմը համալրված է ավելի քան 340 ժամանակակից օդանավով, իսկ Դոհայի օդանավակայանը հարմարավետ տարանցիկ կետ կարող է լինել Հայաստանից ԱՄՆ, Մերձավոր և Հեռավոր Արևելք մեկնողների համար: