Ռիսկային շրջան. ձկնաբույծներն անհանգստանում են ձկնային տնտեսությունների փակվելուց

Photo: Nazik Armenakyan/Armenianow.com

Հայաստանում ձկնաբուծական ընկերությունները փակվում են մի քանի պատճառներով՝ բարձր է ձկան արտադրության ինքնարժեքը, նվազել են դեպի Ռուսաստան արտահանման ծավալները, բարձր է ջրի վարձը:

«Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանի դիտարկմամբ` տարվա սկզբից իսկ արդեն փակվել են 25 ձկնարտադրական ընկերություններ, վերջին երեք օրերին՝ երեք ընկերություն: Միության նախագահի կանխատեսումներով` արդեն աշնանը հնարավոր է ևս 35-40 տնտեսություն փակվի, կապված ռիսկային շրջանի հետ:

«Մայիսին սկսում է անկում այս ոլորտում: Սովորաբար տաք ամիսներին ձկան պահանջարկը նվազում է: Ամառային սեզոնից մինչև աշուն տեղի է ունենում ձկան գնի նվազում: Սա ամենառիսկային շրջանն է ոլորտի համար: Եթե արդեն իսկ բացասական արդյունքներով մտնենք ռիսկային գոտի, ապա ավելի մեծ քանակությամբ ընկերություններ կփակվեն»,- ասել է Աթոյանը:

2009-ից ձկնարտադրությամբ զբաղվող Հայկազ Զեյնալյանը վստահեցնում է, որ ձկնարտադրությամբ զբաղվելը Հայաստանում ձեռնատու բիզնես չէ. «Հիմնականում Ռուսաստան էինք արտահանում, այնտեղ էլ գներն այնպիսին են, որ արտահանողի համար շահավետ չէ:

Ձուկը լճանում է, գները՝ ընկնում: Այստեղ ձկան գները նույնպես ընկնում են: Բոլոր տնտեսությունները վարկային պարտվորություններ ունեն: Շատերը միանգամից չեն դադարում գործունեությունը, որպեսզի հասցնեն վարկերը մարել: Հաճախ մեզ սարսափեցնում են ջուրը թանկացնելու մտքով, թեև մեկ անգամ արդեն 10 անգամ բարձրացրել են գինը: Այդ դեպքում շատ տնտեսություններ կփակվեն»:

Նա առաջարկում է վարկ վերցրած տնտեսությունների համար գոնե նվազեցնել տոկոսադրույքները և ջրի վարձը չթանկացնել:

2015 թ.-ից ԱՄՆ-ի կառավարության ֆինանսավորմամբ մեկնարկել է «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» ծրագիրը, որի հիմնական նպատակն է ձկնային տնտեսություններում նոր տեխնոլոգիաների ներդրումն ու ջրային ռեսուրսների ճիշտ կառավարումը:

Արթուր Աթոյանը նշում է, որ ծրագրի կողմից ձկնարտադրության խնդիրները բազմիցս բարձրացվել են, սակայն տարիների ընթացքում այնքան խնդիրներ են կուտակվել, որ հնարավոր չի լինում հաջողության հասնել: Նրա խոսքով` գյուղնախարարությունում հայտարարում են, որ կա զարգացում, սակայն եթե այդպես է, ապա ինչո՞ւ են ժամանակ առ ժամանակ տնտեսությունները փակվում:

«Որպես պատճառաբանություն բերվում է այն փաստը, որ տնտեսական ճգնաժամ է երկրում: Դա նույնպես սխալ է: Սա ինքնապաշտպանության միջոց է հայրենական ձկնարտադրողից, որը երկրի տնտեսությունը զարգացնող կազմակերպություն է: Մենք ունենք ձեռքից գնացող Արարատյան դաշտի ձկնաբուծություն:18 գրություն ենք ուղարկել նախարարությանը, բայց պատասխան չեն տվել: Նրանք պատճառաբանում ենք դրա հիմնավորված չլինելը»,- ասում է Աթոյանը:

Մինչդեռ գյուղնախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության ձկնաբուծության և մեղվաբուծության բաժնի պետ Տիգրան Ալեքսանյանը armradio.am-ի հետ զրույցում ասել է, որ տարվա առաջին չորս ամիսների ընթացքում արդյունագործական ձկան արտադրության ու ձկնարտահանման ծավալներն ավելացել են 100 տոննայով` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Արտահանում են հիմնականում Ռուսաստան, Վրաստան, Ուկրաինա, սկսել են արտահանել նաև միջինասիական երկրներ:

«Շուրջ 70 տնտեսություններ ԵԱՏՄ երկրներ արտահանման թույլտվություն են ստացել: Ձկնային տնտեսություններն աստիճանաբար ներդնում են ժամանակակից տեխնոլոգիաները: Այդպիսի լուրջ խնդիր չկա, որ, ասենք, համատարած փակվում են, կամ փակվելու պրոբլեմ կա: Իհարկե, կան փակվածներ որոշակի քանակությամբ, բայց զուգահեռաբար նաև ավելացածներ: Մենաշնորհացման վտանգ ոլորտում չկա, մենք այսօր գրեթե բոլորի հետ աշխատանքներ ենք իրականացնում»,- ասել է Տիգրան Ալեքսանյանը: