Օբաման չի արտասանի «ցեղասպանություն» բառը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ձեռնպահ կմնա 1915 թ. Օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային սպանությունները և բռնի տեղահանությունները ցեղասպանություն որակելուց` այս մասին հայտնի է դարձել հինգշաբթի:

Ամերիկայի հայ դատի հանձնախումբը (ANCA), որը Միացյալ Նահանգներում հայկական շահերի պաշտպանության ամենախոշոր կազմակերպություններից է, վկայակոչելով Սպիտակ տան Ապահովության խորհրդի պաշտոնատարներին, նշել է, որ մի քանի օր անց իր պաշտոնավարման ութերորդ և վերջին` հայ ժողովրդին ուղղված ամենամյա ուղերձում Օբաման «ձեռնպահ կմնա պատշաճ կերպով հիշատակելու Հայոց ցեղասպանությունը, ինչը խոստացել էր անել որպես նախագահի թեկնածու»:

«Թվում է, որ իր պաշտոնավարության սկզբից ի վեր Թուրքիայի ճնշումներին տեղի տվող նախագահ Օբաման իր պաշտօնավարությունը պիտի ավարտի՝ դրժելով Հայոց ցեղասպանության մասին անկեղծորեն արտահայտվելու իր խոստումը»,- հայտարարել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, ով հանդիպել է պաշտոնատարների հետ կառավարական հարցերի վարիչ Քեյթ Նահապետյանի հետ:

«Նախագահ Օբամայի չկամությունը մերժելու Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի բերան փակելու կամ այլ կերպ դիմակայելու հակահայկական ագրեսիայի աճող տարածաշրջանային ալիքին հատկապես այս օրերին, երբ Թուրքիայի և Ադրբեջանի առաջնորդությամբ հակահայկական հարձակումները շարունակվում են Հայաստանում, Արցախում, Թուրքիայում և Միջին Արևելքում, անպատասխանատու նահանջ է, որ ավելի համարձակ է դարձնում Էրդողանին ու Ալիևին: Դժբախտաբար, այս է նախագահ Օբամայի թողած ժառանգությունը` Հայոց ցեղասպանության հանդեպ լռություն, Թուրքիայի ուրացման արշավին մեղսակցություն և Ադրբեջանի բռնարարքների քաջալերում»,- եզրափակել է Համբարյանը:

Նախքան օվալաձև գրասենյակի ղեկավար ընտրվելը` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հստակ և միանշանակ էր` խոստանալով ճշգրիտ գնահատական տալ 1915-1923 թթ.  ընթացքում Օսմանյան Թուրքիայում ավելի քան 1,5 միլիոն հայ տղամարդկանց, կանանց և երեխաների կոտորածներին որպես ցեղասպանություն: