Ցեղասպանության 101. Օբամային կոչ են արել օգտագործել «վերջին հնարավորությունը»

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ին նախագահ լինելու օրոք կունենա իր «վերջին հնարավորությունը»` օգտագործել «ցեղասպանություն» բառը Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերը բնութագրելու համար` ասել է կոնգրեսական Ադամ Շիֆը (դեմոկրատ, Կալիֆորնիա)` Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին ճշմարտության և արդարության բանաձևի հեղինակներից մեկը:

Կոնգրեսականը խոսել է այս մասին չորեքշաբթի Ներկայացուցիչների պալատի ամբիոնից և բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` կոչ անելով նրան իր պաշտոնավարման վերջին տարում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի նախաշեմին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Վերջին տարիներին որպես նախագահ դուք հայերի դեմ իրականացված կոտորածները և տեղահանությունները անվանել եք «զանգվածային վայրագություններ», որն, իրոք, այդպես է: Բայց, իհարկե, դա շատ ավելին էր, և դուք խուսափել եք «ցեղասպանություն» բառն օգտագործելուց, չնայած այն համընդհանուր կիրառում են գիտնականները և պատմաբանները»,- մասնավորապես ասել է Շիֆը:

«Հույս ունեմ, ինչպես և Ցեղասպանությունը վերապրածների միլիոնավոր հայ ժառանգներ ողջ աշխարհում, որ նա [Բարաք Օբաման] կօգտագործի իր վերջին հնարավորությունը, որպես նախագահ, Ցեղասպանության մասին պարզ խոսելու համար և կասի, որ Օսմանյան կայսրությունը ցեղասպանության հանցագործություն է կատարել` փորձելով ջնջել հայերին երկրի երեսից և գրեթե հասնելով իր նպատակին՝ նրանց բնաջնջման արշավը, այնուամենայնիվ, չի հաջողվել: Եվ, որ ամենակարևորն է, կասի, որ չենք մոռանա և չենք լռի: Մի քանի օրից Դուք կունենաք Ձեր ժառանգությունը հարստացնելու մեկ այլ հնարավորություն»:

Վերջին յոթ տարիներին նախագահ Օբաման հայ համայնքին ուղղված իր ապրիլքսանչորսյան ուղերձներում Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի հայերի զանգվածային սպանությունները ու տեղահանությունները կոչել է մի եզրով, որ հայերը հաճախ են օգտագործում են դրա համար` Մեծ եղեռն, խուսափելով «ցեղասպանություն» բառն օգտագործելուց, որ ամբողջ աշխարհի հայերի պնդմամբ` այդ իրադարձությունների ամենաճիշտ բնութագրությունն է:

2015-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված իր ուղերձում Օբաման նաև անդրադարձել էր ծագումով հրեա լեհ փաստաբան Ռաֆայել Լեմկինին, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ստեղծեց «ցեղասպանություն» եզրը: Նա զարգացրել էր այս հանցագործության հայեցակարգը` նաև օսմանյան թուրքերի կողմից հայոց եղեռնի փորձի հիման վրա:

Չնայած «ցեղասպանություն» բառից խուսափելու համար ամերիկահայ կազմակերպությունների կողմից քննադատությանը` անցյալ տարի Օբաման իր ապրիլքսանչորսյան ուղերձի համար քննադատության արժանացավ նաև ԱՄՆ-ի դաշնակից Թուրքիայից:

Իրար հաջորդող Թուրքիայի իշխանությունները ժխտում են 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն: