«Վերապրածներ». «ԱրմենիաՆաուի» ֆոտոլրագրողի նախագիծը «Նյու Յորք թայմզի» էջերում

Photo: Photolure

The New York Times-ը հրապարակել է «ԱրմենիաՆաուի» ֆոտոլրագրող Նազիկ Արմենակյանի լուսանկարչական շարքը, որը հեղինակն արել է 1915 թ. Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության վերապրածներին նվիրված նախագծի շրջանակներում:

«Վերապրածներ» խորագրով վավերագրական լուսանկարչական նախագծում ներկայացված են անցյալ դարասկզբին Թուրքական կայսրությունում իրականացված զանգվածային սպանությունների և բռնի տեղահանությունների սարսափների միջով անցած տասնյակ հայերի դիմանկարներ, տան ինտերիեր, վկայություններ և արխիվային լուսանկարներ:

Հավակնոտ լուսանկարչական նախագիծն իրականացվել է 2005 թ.-ից և մինչ օրս հաջողվել է հավաքել 45 ցեղասպանություն վերապրածների մասին վկայություններ: Նախագիծը 2009 թ. առաջին անգամ ներկայացվելուց ի վեր տեղական և միջազգային մակարդակներում արժանացել է մի շարք մրցանակների:

«Վերապրածներ» նախագծի շնորհանդեսը ընդգրկված էր 2015 թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի` Երևանում կազմակերպած ցուցահանդեսում: Միջոցառումների շրջանակում նույն թվականին նախագծի հիման վրա լույս ընծայվեց նաև լուսանկարչական ալբոմը:

Այս ամիս ավելի վաղ Արմենակյանը Նյու Յորքում էր, որտեղ մասնակցել է «Նյու Յորք թայմզի» կազմակերպած միջոցառմանը` ի թիվս այլ նախագծերի ներկայացնելով նաև «Վերապրածները»: Այցելության ընթացքում Նյու Յորքի Հայկական բարեգործական ընդհանուր միության գրասենյակում կայացել է նաև «Վերապրածներ» գրքի շնորհանդեսը: