
Սիցիլիայի նահանգային խորհրդարանը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը` այսպիսով դառնալով Իտալիայի տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչած 105-րդ խորհուրդը` հաղորդել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Ապրիլի 20-ին ընդունված բանաձևում Սիցիլիայի նահանգային խորհրդարանն իր զորակցությունն ու համերաշխությունն է հայտնել պատմական իրականության ճանաչման և անքակտելի իրավունքների պաշտպանության համար հայ ժողովրդի պայքարին:
Բանաձևում կոչ է արվում Սիցիլիայի նահանգային և Իտալիայի ազգային կառավարություններին համատեղ աջակցելու Հայոց ցեղասպանության ճանաչման միջոցառումներին և տարածելու պատմական փաստերի իմացությունը՝ հանուն խաղաղության, ժողովրդավարության և ազգերի ինքնորոշման իրավունքների պաշտպանության:
Բանաձևի նախագիծը ներկայացրել էին պատգամավորներ Կորդարո Սալվատորեն, Դ’Ազերո Անտոնինոն, Պապալե Ալֆիոն և Գրասսո Բեռնադետտե Ֆելիչեն:
Իտալիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2000-ին: