Կորցրած հնարավորություն. Օբաման կրկին խուսափում է հայկական կոտորածները ցեղասպանություն որակելուց

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, ուրբաթ դիմելով ամերիկահայ համայնքին և համայն հայությանը 1915 թ. Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի կոտորածների տարելիցի օրվա առիթով, վերջին անգամ խուսափել է այն ցեղասպանություն որակելուց` փոխարենը կրկին օգտագործելով այն արտահայտությունը, որ հայերն են հաճախ օգտագործում այդ իրադարձությունները նկարագրելիս:

«Այսօր մենք հանդիսավորությամբ հիշում ենք Մեծ Եղեռնի` 20-րդ դարի առաջին զանգվածային վայրագությունները, երբ Օսմանյան կայսրության վերջին օրերին 1,5 միլիոն հայեր տեղահան արվեցին, կոտորվեցին կամ իրենց մահը գտան գաղթի ճանապարհին», – ասել է Օբաման իր ուղերձում:

Այս հայտարարությունն արվել է Օբամայի նախագահության օրոք հայոց ցեղասպանության վերջին հիշատակի օրվա կապակցությամբ: Հրաժարվելով 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն կոչելուց` Օբաման դրժում է 2008 թ. նախընտրական խոստումը, երբ նա ասել էր, որ հայոց ցեղասպանությունը «լայնորեն փաստագրված փաստ է»: Ամերիկահայ կազմակերպությունները վաղուց քննադատում են Օբամային` հայերի ջարդերը որպես ցեղասպանություն բնութագրելու անկարողության համար, պնդելով, որ նա տեղի է տալիս Թուրքիայի ճնշմանը, որը տարածաշրջանում ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցն է:

Իր ուղերձում ԱՄՆ-ի նախագահի պաշտոնին այս տարի հրաժեշտ տվող Օբաման, սակայն, ընդգծել է. «Ես հետևողականորեն հայտարարել եմ 1915-ին կատարվածի վերաբերյալ իմ սեփական տեսակետը, և իմ տեսակետը չի փոխվել»:

Օբաման նաև վկայակոչել է Հռոմի Պապին, թուրք գիտնականների և այլ գործիչների, ովքեր ճանաչել են կոտորածները որպես ցեղասպանություն:

«Մենք շարունակում ենք ողջունել բոլոր նրանց կարծիքները, ովքեր ջանքեր են գործադրել անցյալի այս մութ էջերին նոր լույս սփռելու ուղղությամբ»,- ասել է նա:

Ապրիլի 24-ին Հայաստանում և ամբողջ աշխարհում հայերը կնշեն Ցեղասպանության 101-րդ տարելիցը: