
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից մեկ տարի անց ցեղասպանության ճանաչման գործընթացը պետական մակարդակով իրավաքաղաքական դաշտ է մտել` լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Աշոտ Մելքոնյանը:
«Հայկական կողմը մշտապես զբաղված էր թուրքական ժխտողականության քաղաքականության դեմ պայքարով, բայց 2015 թ. հունվարի 29-ին ընդունված Համահայկական հռչակագիրը ցեղասպանության ճանաչման գործընթացը նոր փուլ մտցրեց»,- ասաց նա, հավելելով, որ պետական մակարդակով ձևավորված իրավաքաղաքական փաթեթը առաջ է քաշում տարածքային և նյութական պահանջատիրական հարցեր:
2015-ի հունվարի 29-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ընդունեց հռչակագիր, որում վերահաստատվում էր Հայաստանի հանձնառությունը` շարունակելու միջազգային պայքարը ցեղասպանությունների կանխարգելման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման և պատմական արդարության հաստատման համար:
Մելքոնյանի խոսքով` շատերը մտավախություն ունեին, որ ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո ճանաչման հարցում անկում կլինի, բայց գործընթացը չդադարեց, ընդհակառակը, շարունակում է առաջ գնալ, ճիշտ է` դանդաղորեն, երբեմն էլ` հետընթաց ունենալով, բայց, այնուամենայնիվ, շարունակվում է:
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն իր հերթին փաստեց, որ ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլերը 2-3 ոլորտում որոշակի առաջընթաց ունեցան:
«Համաշխարհային ճանաչման առումով Հռոմի պապի ելույթը և դրանից հետո սկիզբ առած գործընթացը կարծես աշխարհի առջև բարոյականության որոշակի քննություն լիներ. այն պետությունները, որոնք անցան այդ քննությունը, ապացուցեցին, որ հարում են համամարդկային արժեքներին, իսկ լուռ մնացողները ցույց տվեցին իրենց համաձայնությունը ցեղասպան մտածողությանը»,- ասաց նա:
Թուրքագետը նաև նշեց, որ Թուրքիայի կողմից ցեղասպանության ժխտումը և ահաբեկչական պետության անմիջական հովանավորությունը աշխարհին ցույց տվեցին, որ 100 տարվա ընթացքում այդ երկրի քաղաքական վերնախավում ցեղասպան մտածողությունը շարունակում է գերակայող լինել: