Կանադայի վարչապետը վերահաստատում է Հայոց ցեղասպանությունը, կոչ է արվում դատապարտել Թուրքիայի ժխտումը

Կանադայի վարչապետը վերահաստատում է Հայոց ցեղասպանությունը, կոչ է արվում դատապարտել Թուրքիայի ժխտումը Կանադայի վարչապետի պաշտոնում իր առաջին տարվա ընթացքում Ջասթին Տրյուդոն հանդես է եկել Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի առիթով հայտարարությամբ:

Ինչպես հայտնել է Կանադայի Հայ դատի հանձնախումբը (ANCC), իր հայտարարության մեջ Տրյուդոն հիշեցրել է Կանադայի Սենատի և Համայնքների պալատի ընդունած Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևերը և հայտարարել, որ «մենք [կանադացիները] պահպանում ենք այն մարդկանց մասին հիշողությունը, ովքեր զոհվել են, և նրանց, ովքեր ողջ են մնացել ցեղասպանության ընթացքում, և մեր խորին հարգանքն ենք հայտնում նրանց ժառանգներին, ներառյալ՝ նրանց, ովքեր այժմ Կանադան համարում են իրենց տունը»:

«Մեզ ոգևորում է այն, որ վարչապետ Ջասթին Տրյուդոն հավատարիմ է ցեղասպանությունների դատապարտման հարցում Կանադայի պարտավորություններին, ներառյալ` Հայոց ցեղասպանության»,- ասել է Կանադայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Ժիրայր Բասմաջյանը` Asbarez.com-ի մեջբերմամբ:

Նա, սակայն, Կանադային կոչ է արել անել ավելին` դատապարտելու Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը:

«Մինչ վարչապետի ուղերձը վերահաստատում է, որ Կանադայի կառավարությունը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և հետագա ցեղասպանությունները կանխարգելելու անհրաժեշտությունը, այն չի դատապարտել 1915-1923 թթ. ընթացքում Հայոց ցեղասպանություն իրականացրած իրար հաջորդող Թուրքիայի կառավարություններին և ոչ էլ Թուրքիայի Հանրապետության շարունակվող ժխտողական արշավը», – եզրափակել է Բասմաջյանը:

Կանադայի Հայ դատի հանձնախումբը հայտարարել է, որ շարունակելու է աշխատել Կանադայի կառավարության և ընտրված ներկայացուցիչների հետ ողջ երկրում` երաշխավորելու, որ «հետագա հայտարարությունները ներառեն Թուրքիայի իրարահաջորդ կառավարությունների կողմից ցանկացած ժխտման դատապարտում»: