Նախագահ Սարգսյան. Հայաստանը ցեղասպանության հանցագործության դեմ պայքարում առաջամարտիկներից մեկն է

Photo: www.president.am

Հայաստանը վերահաստատեց ցեղասպանության հանցագործության դեմ միջազգային ջանքերի պայքարում առաջամարտիկներից մեկը լինելու իր հավատարմությունը` Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի նախօրեին Երևանում կազմակերպված երկրորդ գլոբալ ֆորումի ժամանակ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում:

«Մեր պատկերացումն այսօր հստակ է՝ պետք է ցեղասպանության անթույլատրելիության մասին բացարձակ գիտակցություն արմատավորել նմանօրինակ աղետներից պաշտպանվելու համար»,- ասաց Հայաստանի ղեկավարը ապրիլի 23-ին Կարեն Դեմիրճյանի անվան համալիրում անցկացվող
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի մասնակիցների առջև իր ելույթում:

Ցեղասպանությունների կանխարգելման անհրաժեշտության համատեքստում Սարգսյանը, ըստ նախագահի մամուլի ծառայության, անդրադարձավ նաև ժամանակակից աշխարհում, մասնավորապես, Մերձավոր Արևելքում կատարվող բարբարոսություններին, որտեղ Իսլամական պետության ահաբեկիչները տանջամահ են անում, գլխատում ու անդամահատում անմեղ մարդկանց, այդ թվում՝ կանանց, երեխաների ու ծերերի։ Նա զուգահեռներ անցկացրեց մի քանի շաբաթ առաջ Ադրբեջանի կողմից նախաձեռնված լայնածավալ հարձակման օրերին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ վայրագությունների միջև:

«Ադրբեջանցի զինվորները չբավարարվեցին միայն կրակելով. նրանք անդամախեղեցին տարեց մարդկանց, հայ զինվորին, կտրեցին նրանց գլուխներն ու ականջները՝ սոցիալական ցանցերում այդ ամենը որպես հերոսության դրսևորում ցուցադրելով։ Եվ այս ամենը Ադրբեջանի իշխանությունների բացահայտ խրախուսմամբ»,- ասաց Հայաստանի նախագահը:

«Մենք պետք է հասնենք նրան, որ ատելության այսօրինակ սերմանումները տեղ չունենան մեր ժամանակներում, որ յուրաքանչյուր իշխանություն զերծ մնա նման վարքագծից՝ վախենալով, որ պատասխան է տալու»:

Սարգսյանը մեջբերեց այս ամսվա սկզբին հայերի հանդեպ հնչեցված ատելության քարոզչության կապակցությամբ թուրք ազգայնականին դատափետելու Շվեդիայի ղեկավարության ու հասարակության դրական օրինակը: