Հայոց ցեղասպանություն 101. դարձյալ հիշում ենք և պահանջում

Photo: Photolure

Հայաստանում և ամբողջ աշխարհում ապրող հայերն այսօր ոգեկոչում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Օսմանյան կայսրության օրոք հայերի զանգվածային ջարդերը դարձան 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, և այսօր Մեծ եղեռնի 101-րդ տարելիցն է:

Ամեն տարի ապրիլի 24-ին բյուրավոր մարդիկ` տեղացի, սփյուռքահայ, օտարերկրացի հյուրեր են այցելում Ծիծեռնակաբերդի բարձունքում գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիր` իրենց հարգանքի տուրքը մատուցելու 1915-1923 թթ. ընթացքում օսմանյան թուրքերի կողմից ոչնչացված 1,5 մլն հայերի հիշատակին:

Տասնյակ հազարավոր հիմնականում երիտասարդներ անցյալ գիշեր արդեն ավանդական դարձած հանդիսավոր ջահերով երթով բարձրացել են հուշահամալիր:

Շուրջ երեք տասնյակ երկրների, այդ թվում` Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Բրազիլիայի, Իտալիայի, Կանադայի և այլնի կառավարություններ ու խորհրդարաններ, ինչպես նաև Միացյալ Նահանգների 44 նահանգներ արդեն իսկ ճանաչել են Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները ու բռնի տեղահանությունները որպես ցեղասպանություն: Մինչդեռ Թուրքիայի կառավարությունը հրաժարվում է օսմանահպատակ հայության դեմ իրականացված հանցագործությունները ճանաչելուց:

2015-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրերին հայերը հանձնառություն ստանձնեցին շարունակել «Հիշում ենք և պահանջում»-ը:

100-րդ տարելիցի ոգեկոչումից մեկ տարի անց Հայաստանն ակտիվորեն առաջ է քաշում ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու միջազգային օրակարգը` որդեգրելով աշխարհի տարբեր մասերում, այդ թվում նաև` Մերձավոր Արևելքում մարդկության դեմ հանցագործությունների դեմ ուղղված դիրքորոշում:

Այս օրերին Երևանում են գտնվում համաշխարհային մարդասիրական հանրության ներկայացուցիչներ, այդ թվում` Նոբելյան դափնեկիրներ, գիտնականներ, նախկին պետական գործիչներ և այլք` Հայոց ցեղասպանության վերապրածների անունից նոր նախաձեռնության շրջանակներում, որն ուղղված է բարձրացնելու հանրային իրազեկվածությունը այսօր ամբողջ աշխարհում տեղի ունեցող վայրագությունների մասին և պարգևատրելու այդ խնդիրների իրական և էական լուծման համար աշխատող անձանց:

Երեկոյան Երևանում հոլիվուդյան աստղ և ակտիվիստ Ջորջ Քլունին 100 հազար դոլար կհանձնի մարդկության զարթոնքի համար «Ավրորա» մրցանակի անդրանիկ դափնեկրին: Ապա դափնեկրին բեմ կհրավիրի` նրա կողմից առաջադրված կազմակերպությանը/ներին ստանալու համար 1 մլն դոլար մրցանակը:

Այսօր ցեղասպանության ոգեկոչման արարողությունը տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում շուրջ հարյուր մարդու կյանք խլած մարտական գործողություններից մի քանի շաբաթ անց: Ապրիլի սկզբին հակամարտության գոտում պատերազմական գործողություններն ուղեկցվել են ադրբեջանական ուժերի` քաղաքացիական անձանց դեմ էթնիկ բռնություններով և այլ վայրագություններով, այդ թվում` տարեց մարդկանց սպանություններ ու նրանց մարմինների խոշտանգումներ:

Հայաստանը նաև մեղադրել է Թուրքիային` Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը խրախուսելու մեջ: