Երևանում անցկացվում է «Ավրորա» մրցանակաբաշխությունը

«Ավրորա» մրցանակաբաշխության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը Aurora Dialogues խորագրով ֆորումի բացմանը (Photo: Photolure)

Երևանում մեկնարկել է «Ավրորա» մրցանակաբաշխությունը, որի շրջանակներում Հայաստան են ժամանել աշխարհի առաջատար գիտնականներ, մեդիա փորձագետներ, մարդասիրական ոլորտում ներդրում ունեցող մի շարք անձինք, այդ թվում Not On Our Watch մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, հանրահայտ դերասան և կինոարտադրող Ջորջ Քլունին:

Մրցանակը կոչվում է Ավրորա (Արշալույս) Մարդիգանյանի անունով, որը Հայոց ցեղասպանության տարիներին լինելով երեխա՝ ականատես է եղել հոր և եղբայրների սպանությանը։ Հաղթահարելով բոլոր վտանգները՝ նա ողջ է մնացել և աշխարհին պատմել 1915թ. տեղի ունեցած վայրագությունների մասին։

«Ավրորա» մրցանակը հիմնվել է 100 LIVES («100 կյանք») նախաձեռնության շրջանակում։ Նախաձեռնությունը սկիզբ է առել 2015 թ. մարտին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, երախտագիտություն հայտնելու այն մարդկանց և հաստատություններին, որոնց հերոսական ջանքերի շնորհիվ 100 տարի առաջ ցեղասպանության ժամանակ հայեր են փրկվել:

(Photo: 100 LIVES)
(Photo: 100 LIVES)

Վերապրածներին և նրանց փրկողներին պատվելով՝ 100 LIVES-ը որպես այսօրվա փրկողներին օժանդակելու միջոց հիմնել է Մարդկության զարթոնքի «Ավրորա» մրցանակը ՝ խիզախության, նվիրվածության և ազդեցության չափանիշներով:

«Մենք 100 LIVES-ի շրջանակում հավաքեցինք ցեղասպանության վերապրածների պատմությունները, ներկայացրինք դրանք: Սրանք պատմություններ են, որոնցում ընտանիքի անդամները պատմում են իրենց փրկության մասին: Մենք նաև նախաձեռնել ենք թվայնացնել արխիվային փաստաթղթերը: Ցավոք, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությանն առնչվող շատ փաստաթղթեր չեն գտնվել, բայց եղածները պահպանելու ենք սերունդների համար»,- Aurora Dialogues խորագրով ֆորումի բացմանը հայտարարել է «Ավրորա» մրցանակաբաշխության համահիմնադիր, հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը:

Մրցանակաբաշխության մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ, կինոդերասան Ջորջ Քլունին էլ հայտարարել է, որ Հայոց ցեղասպանությունը ողջ մարդկության ցավն է:

«Մենք տեսնում ենք, որ բավականին երկարատև պայքար է գնում, որպեսզի հնարավոր լինի հասնել այն բանին, որ իրերը կոչվեն իրենց անուններով: Մենք տեսնում ենք, որ հայերի կոտորածները ցեղասպանություն որակելու առումով քայլեր արվում են, սակայն արվում են ավելի դանդաղ, այդ պայքարն ավելի երկար է շարունակվում, քան պետք է լիներ»,- «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ ֆորումի ընթացքում հայտարարել է 54-ամյա դերասան Ջորջ Քլունին:

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի օրը, տեղի կունենա «Ավրորա» մրցանակաբաշխությունը, որն ունի 4 հավակնորդներ: Դափնեկրի առաջարկած կազմակերպությունը կարժանանա 1 մլն դոլարի դրամաշնորհի, իսկ դափնեկիրը` 100 հազար դոլարի: